Յուրի Բաշմետ. «Այսքան տարի բեմում եմ‚ սակայն «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի նման բովանդակության չեմ հանդիպել»

11-11-2019 22:51

Ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկուն նվիրված համերգով ամփոփվեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ փառատոն‚ որ եզակի էր նր ձևաչափով և 9 օրերի ընթացքում Հայաստանում էր համախմբել աշխարհի ճանաչված կոմպոզիտորներին ու մենակատարներին: Փառատոնի ավարտը նշանավորվեց փառահեղ համերգով. ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացնում էին աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը‚ դաշնակահար Դարիա Չայկովսկայան: Դաշնակահարի իր կատարողական վարպետությունը ներկայացրեց նաև ինքը՝ հեղինակը: Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Երեկոյին ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ: Երաժիշտները կատարեցին Չայկովսկու Մեծ սերենադը‚ Կրկնակի կոնցերտը երկու դաշնամուրի և նվագախմբի համար‚ ինչպես նաև՝ «Էտյուդներ հասարակ տոներով» կոնցերտը՝ գրված ալտի, դաշնամուրի և նվագախմբի համար: Կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկին‚ խոսելով «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասին‚ նշեց‚ որ ինքը նման ձևաչափով այլ փառատոնի մասին չի լսել: Նա առանձնացրեց հատկապես այն հանգամանքը‚ որ յուրաքանչյուր երեկո նվիրվում էր առանձին մի կոմպոզիտորի և նրա ստեղծագործական ժառանգությանը՝ ներկայացնելով ստեղծագործողի ամբողջական պատկերը‚ նրա փիլիսոփայությունը: «Անկեղծ ասած‚ ես հիմա մտածում եմ‚ թե ինչպես նման մի փառատոն կազմակերպեմ Մոսկվայում»‚- ասաց Ալեքսանդր Չայկովսկին: Նա նաև ընդգծեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պրոֆեսիոնալիզմը. «Նվագախմբի երաժիշտները արագ են արձագանքում‚ ինչը նվագախմբի շատ կարևոր է տարրերից է‚ նրանք լսում են ինչպես իրենց‚ այնպես էլ մենակատարին‚ բնականաբար՝ հետևելով նաև դիրիժորին»‚- ասաց Ալեքսանդր Չայկովսկին: Ալտահար Յուրի Բաշմետը նշեց‚ որ ինքը լավ իմաստով ցնցված է այս փառատոնի գաղափարից. «Փառատոնի թեման առանձնահատուկ է: Այսքան տարի բեմում եմ‚ սակայն նման բովանդակության չեմ հանդիպել»: Յուրի Բաշմետը կարևորեց այն փաստը‚ որ փառատոնն անցկացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ: Նա նշեց նաև‚ որ Ռուսաստանում ևս ՌԴ կառավարությունը մեծապես աջակցում է դասական երաժշտությանը: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին խոսելիս Յուրի Բաշմետը նշեց‚ որ Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի հետ աշխատելը շատ հեշտ է: «Միայն լավ խոսքեր կարող եմ ասել և՜ Սերգեյ Սմբատյանի‚ և՜ նվագախմբի մասին»‚- ասաց Յուրի Բաշմետը: «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը: Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը:

Lragir.am,
11-11-2019 22:51