Ի՞նչ կլինի, եթե մոտիվացնես իդիոտին. Նաիրա Զոհրաբյան

12-11-2019 17:21

ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ վերջին շրջանի քննարկումներին: «Վերջին շրջանում ինչու շատ զվարճացնում է այս արհեստական դիսկուրսը՝ հնի ու նորի, իբր հին մտածողության: Այդ տպավորությամբ ստացվում է, որ գիրք կարդացողը, սեփական լեզուն, գրականությունը և պատմությունն իմանալը դա հին մտածողություն է, իսկ էդ ամեն ինչը հերքելը նյու կոսմոպոլիտիզմի վերջին ճիչն է: Գիրք կարդալը ժամանակակից է, վստահեցնում եմ ձեզ, սեփական լեզուն ու պատմությունը իմանալը սուպեր ժամանակակից է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նա անդրադարձավ բուհերում հայոց լեզուն, պատմությունն ու գրականությունը ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնությանը: «Ինձնից ավելի լայնախոհ քիչ քաղաքական գործիչ կա: Բայց ես ձեզ բերեմ թվերը: Միայն այս տարվա 5370 դիմորդներից հայոց լեզվի և գրականության պետական միասնական քննության նվազագույն շեմը չի հաղթահարել մասնակիցների 19.7 տոկոսը: Ինչի՞ արդյունք է դա, արդյունք է հանրակրթական ու ավագ դպրոցներում առարկայի վատ դասավանդման»,- ասաց նա: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ եթե դպրոցից որակ լիներ, միգուցե այսօրվա դիսկուրսը կարելի էր ծավալել, որ այդ առարկաները չպետք է պարտադիր լինեն: «Լինենք անկեղծ, քանի՞ պատգամավոր է մոտեցել այս ամբիոնին ու ասել՝ «հարցը կայանում է նրանում»: Հարգելիներս, հարցը որևէ դեպքում ու պարագայում չի կարող կայանալ, հարցը կարող է լինել, առավելագույնս՝ հարցը այն է: Հիմա եկեք մի հատ թեստ անցկացնենք մեր պատգամավորների և պետական պաշտոնյաների մեջ, թող ասեն՝ քանի՞սն է մեղանչել բառը հասկանում որպես ապաշխարել: Երևի 70 կամ 80 տոկոսը, հարգելիներս: Քանի՞ անգամ է այս ամբիոնից հնչել՝ հաշմանդամ բառը՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նա հավելեց, որ թող իշխանությունը չփորձի լինել սուպեր ժամանակակից: «Մենք պատրաստ ենք երկխոսության: Վերջերս մի երևույթ, կներեք, ուղղակի իդիոտ մտքեր էր հայտնում: Ես հիշեցի մի հայտնի անեկդոտ՝ ասում է՝ ի՞նչ կլինի, եթե մոտիվացնես իդիոտին: Ոչ մի բան չի լինի, արդյունքում կունենաս ընդամենը մոտիվացված իդիոտ»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: Նրանից բացատրություն պահանջեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ո՞ւմ ի նկատի ունեիք: «Տիկին Զոհրաբյան, վախենամ որ հայոց լեզվի քննություն հանձնելու լինենք, շատ մարդիկ անգամ տարրական գիտելիքներ չունենան: Եկեք էդ թեման չբացենք հա՞, կարող ենք սկսել, ես էլ անձամբ դեմ չեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Lragir.am,
12-11-2019 17:21