Խեղճության ակցիան. Ինչ է կատարվում Հայաստանում

Հայաստանում շարունակվում է բողոքը կրթության ու գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի դեմ, որում ներգրավված անձինք մեղադրում են նրան այսպես ասած ապազգային քաղաքականության համար: Նրանք բերում են մի քանի պատճառ, թեեւ «ծանրության կենտրոնի»՝ ուսանողական ակցիայի բուն առիթը բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայերենի եւ հայ ժողովրդի պատմության դասավանդման նպատակահարմարությունը բուհերի որոշմանը թողնելու մտադրությունն է: Բողոք է հարուցել նաեւ հանրակրթական դպրոցներում եկեղեցու պատմության առանձին դասավանդումը չեղարկելու մտադրությունը: Գործնականում, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, այլ բան չէ, եթե ոչ խեղճության ակցիա: Խեղճության ակցիա, երբ դրանից դուրս ենք բերում աչք ծակող քաղաքական մոտիվը: Խեղճն իհարկե բողոքի, ակցիայի մասնակիցները չեն, այլ հայոց լեզվի, մշակույթի, հայ եկեղեցու մասին այն տպավորությունը, որ «առաջացնում» են նրանց փաստարկները: Փաստորեն ստացվում է, որ հայերենն այնքան խեղճ ու տկար լեզու է, որ գրեթե 100 տոկոսի հասնող էթնիկ միատարրությամբ երկրում դրա կյանքը եւ կենսունակությունը կախված է բուհերի ոչ պրոֆիլային ֆակուլտետներում դասավանդման պարտադիր լինելուց, ու եթե պարտադրանքը չկա, չկա լեզու: Փաստորեն ստացվում է, որ հայ ժողովրդի պատմությունն այնքան աղքատ, թույլ մի բան է, որ այն ուղղակի չքվելու է, եթե բուհերի ոչ պրոֆիլային ֆակուլտետներում չդասավանդվի պարտադիր կերպով: Փաստորեն ստացվում է, որ հայ եկեղեցու հույսը դպրոցներում հայ եկեղեցու պատմության պարտադիր առանձին դասավանդումն է, որը չլինելու պարագայում կասկածի տակ է եկեղեցու լինելիությունը: Այդքան խե՞ղճ են հայոց լեզուն, մշակույթը, հայ ժողովրդի պատմությունը կամ Հայ Առաքելական եկեղեցին: Իհարկե ոչ: Ավելին, նրանք այնքան ուժեղ են, որ ոչ միայն պահպանվել են, երբ անգամ հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն է եղել վտանգի տակ, այլ ավելին՝ նրանք իրենց ուժով նույնիսկ կատարել են հայ ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխիքի որոշակի դեր, եղել են հայ ժողովրդի անվտանգության հենարան: Տկարն ու խեղճը գուցե հայկական մշակույթի ուժի, կենսունակության, Հայ Առաքելական եկեղեցու մրցունակ ներուժի մասին պատկերացումներն են, կամ ավելի շուտ մի շարք անձանց, ուժերի, խմբերի եւ շրջանակների քաղաքական մտածողությունը, երբ այլ խաղաքարտ չի մնում, քան հայոց լեզուն, մշակույթն ու Հայ Առաքելական եկեղեցին  այդպիսին դարձնելը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
12-11-2019 17:17