Ովքեր են սպանել հայ հոգեւորականներին. Երեւանի կոշտ հայտարարությունը

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Սիրիայի հյուսիսում Ղամիշլի քաղաքի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հայրը՝ Աբրահամ քահանա Պետոյանի սպանության առնչությամբ: Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտում է սպանությունը, այն դիտարկելով վերջին ամսի ընթացքում Սիրիայի հյուսիս Թուրքիայի ռազմական ներխուժման եւ այդ համատեքստում քաղաքացիական բնակչության խոցելիության աճի համատեքստում: Հայաստանի ԱԳՆ-ն կարեւոր է համարում միջազգային հանրության՝ երեւույթի խստիվ դատապարտումը: ԱԳՆ-ն նշում է, որ ըստ տարբեր տեղեկությունների` հայ հոգեւորականների սպանության պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն ահաբեկչական միավորումը: Արդյոք հայ հոգեւորականների սպանությունը եղել է նպատակային, թիրախավորված, թե՞ նրանք պարզապես սիրիական կաթսայի հերթական զոհերն են, որպիսիք Սիրիայում կազմում են հարյուրավոր հազարներ: Ղամիշլիի հայ հոգեւորականների սպանությունը հատկապես հարցեր է առաջացնում այն տեղեկության ֆոնին, որ Սիրիայի հյուսիս թուրքական ներխուժման օրերին հրապարակեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելի ուշ բացելով, որ ՌԴ նախագահ Պուտինին է դիմել Թուրքիայի նախագահի հետ քննարկմանը Ղամիշլիի հայերի անվտանգության հարցը դնելու համար: Փաշինյանը Պուտինին շնորհակալություն էր հայտնել այդ դիմումին ընդառաջելու եւ Սոչիում Էրդողանի հետ հանդիպմանը հարցին անդրադառնալու համար: Անշուշտ միամտություն է կարծել, թե Պուտինը կամ որեւէ մեկը եռացող այդ կաթսայում կարող է երաշխավորել հայ համայնքի բացառապես բոլոր ներկայացուցիչների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը: Այդուհանդերձ, Ղամիշլիի հայ կաթոլիկ հոգեւոր առաջնորդի սպանությունը նշանայի՞ն հարված է, թե՞ պարզապես իրավիճակից բխող ողբերգություն: Արդյոք դա կարող է լինել Անկարայի պատասխանը Մոսկվային, որի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում պաշտպանության նախարար Շոյգուն, մի քանի կոշտ ակնարկ արեցին Երեւան այցերի ընթացքում, ռուսական ռազմակայանի հետ կապված: Սպանությունը կապակցելով Սիրիայի հյուսիս թուրքական ներխուժման հետ, Երեւանն արդյոք այդպիսով ակնարկում է, թե ով է իրականում կանգնած սպանության հետեւում: Անկասկած է, որ Անկարան ազդեցություն ունի Սիրիայում ահաբեկչական գրոհային խմբավորումների վրա, իսկ Իսլամական պետություն ասված ահաբեկչական խմբավորումը անկասկած վաղուց է «ունիվերսալ» ահաբեկչական գործիք: Իսկ արդյոք հայ հոգեւորականների սպանությունը կարող է լինել որոշակի կազմակերպված ահաբեկություն Էրդողանի ԱՄՆ այցից առաջ, որտեղ նրան սպասվում է բավականին ծանր խոսակցություն Թրամփի հետ: Էրդողանն ըստ երեւույթին մեծ ջանք պետք է գործադրի Ներկայացուցիչների պալատում հայկական բանաձեւի քվեարկությունից հետո Սենատում համանման բանաձեւի ընթացքը կանգնեցնելու համար: Հայկական հարցում նրան դրել են նոր իրողության առաջ, դա անկասկած է, ինչի մասին վկայեցին նաեւ Լավրովի Հայաստան այցի ընթացքում Արցախի առնչությամբ արած հայտարարությունները: Հատկանշական է, որ հայ հոգեւորականի սպանությունը դատապարտող Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը եզրափակվում է Մերձավոր Արեւելքում՝ Սիրիայում հայկական մարդասիրական առաքելությունը շարունակելու հաստատակամությամբ: Այդ հաստատակամությունը Հայաստանի ԱԳՆ-ն, նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էին դեռեւս հոկտեմբերին, երբ դատապարտել էին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական ներխուժման մեկնարկը: Թուրքիան ըստ ամենայնի Վաշինգտոնի եւ Մոսկվայի առաջ դնում է Սիրիայում՝ Մերձավոր Արեւելքում հայկական պետական մարդասիրական ներկայության հարցը, լավ պատկերացնելով դրա խորքային համատեքստն ու նշանակությունը ռեգիոնալ անվտանգության համակարգի լայն կորագծում: Երեւանը փաստացի հայտարարում է, որ Հայաստանի անվտանգության օղակի այդ կարեւոր շղթան կտրելու Թուրքիայի շանտաժը չի հաջողի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
12-11-2019 18:57