Եթե Ադրբեջանը պնդում է, որ Ղարաբաղը իր միջազգայնորեն ճանաչված մասն է, այդ դեպքում ինչու՞ է բանակցում. Նիկոլ Փաշինյան

12-11-2019 20:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է վարպետաց դաս ձևաչափով թեմատիկ քննարկմանը: Այն վարել է «Նյու Յորք Թայմս Եվրոպայի» գլխավոր դիվանագիտական թղթակից Սթիվեն Էլանգերը: Վարչապետին հրավիրելով ելույթի` Սթիվեն Էլանգերը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր մարդ է և ինքը հատուկ վերաբերմունք ունի նրա հանդեպ, քանի որ նա նախկին լրագրող է, մի քանի անգամ եղել է բանտում, այնուհետև դարձել է իր երկրի վարչապետը: «Սա մի շատ արտասովոր ճանապարհ է: Ես Մոսկվայի նախկին թղթակից եմ, եղել եմ Ձեր երկրում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ լինելու համար»,- ասել է Էլանգերը: Իր խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` նման կարևոր նախաձեռնության համար և նշել, որ այն կարևոր պլատֆորմ է՝ քննարկելու անվտանգության ժամանակակից մարտահրավերները և մշակելու համատեղ բանաձևեր` այդ մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ: «Ի՞նչ պետք է իմանաք մեր երկրի անվտանգային միջավայրի վերաբերյալ. շատ տարօրինակ փաստ պետք է արձանագրեմ, մեր չորս սահմաններից երկուսը փակ են, մյուս երկուսն, այսպես ասած, կիսափակ են: Ինչո՞ւ կիսափակ, որովհետև հարավից մենք սահման ունենք Իրանի հետ, և ինչպես գիտեք, կա որոշակի լարվածություն Իրանի շուրջ, մեր հյուսիսային սահմանը Վրաստանի հետ է և լարված հարաբերությունները Վրաստանի և Ռուսաստանի միջև որոշակի բացասական ազդեցություն են ունենում: Բայց իհարկե մեզ համար անվտանգության ամենակարևոր մարտահրավերը Լեռնային Ղարաբաղի հարցն է: Եվ, անկեղծ ասած, դառնալով Հայաստանի վարչապետ և ընդգրկվելով միջազգային հարաբերություններում՝ ես անակնալի եկա, որ միջազգային հանրության շրջանում ԼՂ հարցի վերաբերյալ մի շարք թյուրըմբռնումներ կան: Եվ մի հետաքրքիր փաստ էլ կա. ով շահագրգռված է ԼՂ հարցով, պետք է իմանա, թե ինչո՞ւ է այս կոնֆլիկտն առաջացել: Առաջին հերթին, պատճառը Ստալինյան ռեժիմի որոշումն էր՝ Ղարաբաղը հանձնել  նոր կազմավորված Խորհրդային Ադրբեջանին: Երբ 1986-ին Միխայիլ Գորբաչովը դարձավ Խորհրդային միության ղեկավար, նա սկսեց ժողովրդավարական բարեփոխումների գործընթաց և հայտարարեց ժողովրդավարություն, պերեստրոյկա: Ղարաբաղի բնակչության գերակշիռ մեծամասնությունը, որ եղել և մնում են հայեր, և նրանք ունեին ինքնավար մարզի կարգավիճակ Խորհրդային Ադրբեջանում, որոշեցին օգտագործել այս հնարավորությունը և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան որոշեցին դուրս գալ Ադրբեջանի կազմից: Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները որոշեցին ճնշել այս շարժումը օգտագործելով ուժային լծակներ՝ ոստիկանություն և այլ: Այս կոնֆլիկտի ամենասկզբնական փուլն այսպես է ձևավորվել: Այնուհետև, երբ սկսվել է ԽՍՀՄ փլուզումը, Ադրբեջանը, ինչպես շատ այլ խորհրդային պետություններ, որոշեց դառնալ անկախ պետություն: Իսկ ԽՍՀՄ օրենքն ասում էր, որ եթե որևէ անդամ հանրապետություն որոշում է անկախանալ, ապա նրա կազմում գտնվող ինքնավար մարզն ինքն է որոշում իր ապագան: Այդպես, Ադրբեջանին զուգահեռ Լեռնային Ղարաբաղը ևս սկսեց անկախացման գործընթաց: Եվ ինչպես Ադրբեջանը անջատվեց ԽՍՀՄ-ից, այնպես էլ ԼՂ-ն անջատվեց Ադրբեջանից: Արդյունքում, Ադրբեջանը որոշեց ռազմական ուժ կիրառել` պարտադրելով և ճնշելով ԼՂ ժողովրդին. նա պատերազմ սկսեց: Կային ԼՂ-ում շատ տարածքներ, որտեղ էթնիկ զտումներ սկսեցին, և արդյունքում ԼՂ-ի հայերը՝ բնակչության մոտ 80-85 %-ը, սկսեցին ինքնապաշտպանություն: Եվ պարզվեց, որ նրանք ի վիճակի են դա անել: Նրանք ստիպեցին Ադրբեջանին համակերպվել իրավիճակի հետ: 1995 թ-ին` մայիսի 12-ին, հրադադարի համաձայնագիր ստորագրվեց Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Դրանից հետո, և նույնիսկ դրանից առաջ, սկսվել էր բանակցային գործընթացը, մշակվեց բանակցությունների ձևաչափ: Համաձայն միջազգային ատյանների որոշումների՝ այն ունեցավ երեք կողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Բանակցային գործընթացը սկսել է նույնիսկ 1992-ից: Շատ երկար ժամանակ ԼՂ-ն ընդգրկված էր բանակցային գործընթացում՝ որպես կողմ: Ի դեպ՝ որոշ հանդիպումներ կայացան Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարների, նաև Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի  և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների միջև: Դժբախտաբար, ԼՂ կոնֆլիկտը դեռ լուծված չէ: Մի քանի պատճառ կա դրա համար: Առաջինը` 1998-ին ԼՂ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից: Արդյունքում (ոչ միայն այս գործոնի բերումով, բայց նաև դրա)` այժմ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել ԼՂ-ի հետ: Մերժում է անգամ բանակցել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ձևաչափում, ուր ընդգրկված են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ նահանգները: Մինչդեռ համաձայն այս ձևաչափի՝ կան բանակցային երեք կողմեր՝ Ադրբեջանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Մյուս կողմից, Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ ԼՂ-ն պետք է Ադրբեջանի մաս կազմի: Բայց դա շատ տարօրինակ պնդում է, որովհետև հնարավոր չէ հասկանալ՝ ինչպես կարող է Ադրբեջանի կառավարությունը համարել ԼՂ-ն իր տարածքային ամբողջականության մի մաս՝ սակայն հրաժարվել խոսել նրա հետ: Տարօրինակ չէ՞: Ադրբեջանի ղեկավարներն ասում են, որ ուզում են ԼՂ-ն Ադրբեջանի մաս տեսնել, բայց հրաժարվում են ԼՂ-ի ժողովրդի հետ բանակցել: Ի՞նչ է դա նշանակում: Միայն մի բան. դժբախտաբար, Ադրբեջանի իշխանությունները մտադիր չեն խոսել այդ մարդկանց հետ և բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ՝ տարածքներ, առանց ժողովրդի: Հայատյացության քաղաքականությունն ավելի հեռուն է գնում: Լեռնային Ղարաբաղ այցելող օտարերկրացիները հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում: Որևէ երկրի քաղաքացի, ով կրում է հայկական ազգանուն կամ հայկական ծագում ունի, չի կարող մուտք գործել Ադրբեջան: Այդպես եղավ ԱՄՆ քաղաքացի Bloomberg-ի լրագրողուհու, թուրքական նվագախմբի երաժիշտի, ութ տարեկան երեխայի և ռուսաստանցի ութսունամյա թոշակառուի դեպքում: Վերջերս էլ մի վարորդ ձերբակալվել էր միայն նրա համար, որ հայկական երաժշտություն էր լսում մեքենայում: Առավել տխրահռչակ դեպք կատարվեց «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանի հետ, ով բաց թողեց Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում, որը կայացավ ընդամենը մի քանի ամիս առաջ: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ արգելեցին Մխիթարյանի անունը կրող վերնաշապիկները, և դրանցով զբոսնող մարդիկ ոստիկանների կողմից կանգնեցվեցին Բաքվի փողոցներում: Հաջորդը ի՞նչ է լինելու: Ակնհայտ է, որ պետք է իրական ջանքեր գործադրել խնդիրը լուծելու համար: Մենք ունենք, այսպես ասած, հավասար հնարավորություններ Ադրբեջանի ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ՝ խնդիրը լուծելու համար: Իմ պաշտոնավարման ամենասկզբում ես հայտարարեցի, որ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ԼՂ-ի և Հայաստանի ժողովուրդների համար: Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով հայտարարեց, որ ԼՂ հարցի ցանկացած լուծման տարբերակ պետք է Ադրբեջանի ժողովրդի համար ևս ընդունելի լինի: Եվ մեր երկրի ընդդիմությունը հարցնում է՝ ինչո՞ւ պետք է Հայաստանը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին: Իմ պատասխանը շատ պարզ է. որովետև ես վստահ եմ՝ եթե մենք այդ հարցին կայուն լուծում ենք ուզում, ապա պետք է հաշվի առնենք դրանում ներգրավված բոլոր կողմերի շահերը: Ես այդ հայտարարությունն արեցի՝ հույսով, որ կլսենք համանման հայտարարություն Ադրբեջանի ղեկավարության` իմ գործընկեր Իլհամ Ալիևի կողմից: Եթե համանման մի հայտարարություն լսեինք պարոն Ալիևի կողմից, դա իսկական բեկում կմտցներ բանակցային գործընթացում: Ես ուզում եմ այս շատ կարևոր հարթակից, շատ կարևոր խորագիր կրող միջոցառման վայրից (Փարիզի խաղաղության ֆորում) կոչ անել մեր գործընկերներին` նմանօրինակ հայտարարություն անել, որ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ժողովուրդների համար: Իհարկե սա հեշտ խնդիր չէ, բայց եթե մենք ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների ապագայի համար, ինչը նշանակում է նաև տարածաշրջանի ապագայի, ինչը նշանակում է մեր աշխարհի ապագայի համար, մենք պետք է իրական ջանքեր գործադրենք իրական փոփոխությունների հասնելու համար»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Այնուհետև վարչապետը պատասխանել է քննարկմանը մասնակից, Վարդենիսում ծնված ադրբեջանցի բլոգերի` Լեռնային Ղարաբաղի հետ կապված ՄԱԿ-ի բանաձևերի, Արցախին Ադրբեջանի կազմում բարձրագույն ինքնավարություն տրամադրելու, հայկական ազգանուններով քաղաքացիների` Ադրբեջան մուտք գործելու մասին հարցին: «Նախևառաջ Վարդենիսի մասով. եկեք հիշենք ժամանակները, երբ հայերն ապրում էին Ադրբեջանում, և երբ ադրբեջանցիներն ապրում էին Հայաստանում: Ես շատ լավ հիշում եմ այդ ժամանակները: Ադրբեջանի հայերն սպանվեցին Սումգայիթում, հետո սպանդը շարունակվեց Բաքվում, դա տարածվեց նաև Ղարաբաղում և այլն: Հայ չմնաց Ադրբեջանում, նրանք հաճախ առանց հագուստ վերցնելու էին փախուստի դիմում: Իսկ Հայաստանի ադրբեջանցիների հետ ի՞նչ եղավ: Հայկական կառավարության որոշմամբ՝ հատուկ ավտոբուսներ տրամադրվեցին նրանց, ոստիկանությունն էր ուղեկցում, և որևէ ադրբեջանցի չվիրավորվեց այս ողջ գործընթացքում: Այս նկարագրությունները շատ ցայտուն վկայությունն են կոնֆլիկտի ողջ պատկերի: Դուք Ձեր հարցում նշեցիք, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս. ճիշտ չէ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ստանձնած առաքելությունը հենց դա է. միջնորդել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոնման հարցում: Եվ ինչո՞ւ է Ադրբեջանը ներգրավված այս բանակցությունների գործընթացում՝ որպես կողմ, եթե Ղարաբաղն արդեն իսկ միջազգայնորեն ճանաչված իր հատվածն է: Դա տարօրինակ չէ՞: Ես ակնկալում եմ գտնել կոնֆլիկտի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդների համար: Ես սա հայտարարել եմ Ստեփանակերտում, և մեկ տարի է՝  սպասում եմ լսելու նմանօրինակ մի հայտարարություն Ադրբեջանի կառավարությունից:  Անձնապես խնդրել եմ պարոն Ալիևին բեկում մտցնել այս գործընթացում: Բայց դժբախտաբար նա շարունակում է հայտարարել, որ Զանգեզուրը, Սյունիքը, Սևանա լիճը կամ մայրաքաղաք Երևանը Ադրբեջանի տարածքներ են: Որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել: Իսկ ինչ էիք սպասում, որ ես հայտարարեմ, այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում են, որ գրավելու են ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Զանգեզուրն ու Երևանը: Մեր առաջարկը խաղաղությունն է, մենք չենք սպառնում որևէ մեկին տարածաշրջանում, մենք ուզում ենք պատրաստել մեր հասարակությանը խաղաղության համար»,- ասել է վարչապետը:

Lragir.am,
12-11-2019 20:22