Տիգրան Ավինյանը հերքեց ԵԱՏՄ-ից նվիրատվություն ստացած մեքենաներից մեկն իր կողմից օգտագործվելու մասին լուրեր

13-11-2019 18:52

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հերքեց այն լուրերը, թե Եվրասիական տնտեսական միության կողմից ՀՀ կառավարությանը՝ որպես նվիրատվություն հանձնված չորս ավտոմեքենաներից մեկը շահագործվում է իր կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանը հայտնեց նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի հարցին ի պատասխան: «Կառավարության որոշման համաձայն՝ չորս ավտոմեքենաներից երկուսից մեկը պետգույքի բալանսին է, և չի շահագործվում, մեկը տրամադրվել է ՏՄՊՊՀ-ին՝ ավտոպարկը թարմացնելու նպատակով, երկուսը մնացել են Սննդի անվտանգության տեսչական մարմնում: Դրանք բավական թարմ ավտոմեքենաներ են, կարող էին ավտոպարկը թարմացնել, բայց Սննդի անվտանգության տեսչական մարմնում չորս նմանատիպ ավտոմեքենա պահելու  նպատակահարմարություն չկար: Ենթադրաբար, ավտոմեքենաներից մի քանիսը չեն էլ շահագործվելու: Ցանկանում եմ նաև նշել, որ ավտոպարկն այս կառավարության օրոք կտրուկ կրճատվել է, և մոտ 150 ավտոմեքենա է կրճատվել, դրա հետ կապված մոտ 20 մլրդ դրամի տնտեսում ունենք»,- ասաց Ավինյանը: Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ ԵԱՏՄ-ից Հայաստանին որպես նվիրատվություն հանձնված Տոյոտա մակնիշի չորս ավտոմեքենաներից մեկն անթույլատրելիորեն օգտագործում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մյուսը՝ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Lragir.am,
13-11-2019 18:52