Հրշեջները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը

13-11-2019 19:01

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 13-ին, ժամը 14:19-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցին հարակից անտառում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5-րդ պահաբաժնում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:23-ին, մարվել՝ 16:46-ին: Մոտ 3 հա տարածքում այրվել են չորացած տերևներ և փայտի թափուկներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից:

Lragir.am,
13-11-2019 19:01