Որոշ ապրանքատեսակների մաքսատուրքի թանկացումը էական ազդեցություն չի ունենա գնաճի վրա. Նախարար

13-11-2019 18:56

Կառավարության հաշվարկներով՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ որոշ ապրանքատեսակների մաքսատուրքի թանկացումը Հայաստանում էական ազդեցություն չի ունենա գնաճի վրա: Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Մենք ունենք մանրամասն հաշվարկ, և այդ հաշվարկը վկայում է, որ 2020 թվականի մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությամբ պայմանավորված՝ այդ բոլոր ապրանքների հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի լինելու 0.5-0.6 տոկոսային կետից ավելին: Առաջիկա շաբաթվա ընթացքում մենք կհրապարակենք մեր հաշվարկները, և եթե կլինեն վիճելու թեմաներ, մենք պատրաստ կլինենք պարզաբանել»,- ասաց նախարարը: Ըստ նրա՝ բնակչությունը որևէ լրացուցիչ ազդեցություն չի զգալու այդ ապրանքատեսակների մաքատուրքի բարձրացման հետևանքով:

Lragir.am,
13-11-2019 18:56