Հայաստանի պատասխանը տարօրինակ խնդրին

Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան բարձրացրած խնդրին: Խոսքը Հայաստանի քաղաքացիների Ղրիմ այցելության մասին է: Նախօրեին հայտնի դարձավ, ու Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը տարածել է հայտարարություն, Հայաստանի քաղաքացիներին հորդորելով պահպանել «ժամանակավորապես օկուպացված» Ղրիմ այցելության կարգը: Այլ կերպ ասած, Ուկրաինայի դեսպանատունը հորդորում է Ռուսաստանով չգնալ Ղրիմ: Հայաստանի արտգործնախարարությունը զուսպ չորությամբ հայտարարել է, որ Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների տեղաշարժի ազատությունը: Ընդ որում, Երեւանի պատասխանի տողատակում կարեւոր է նաեւ արցախյան առնչությամբ շոշափվող հանգամանքը, երբ Ադրբեջանն է Արցախ այցելությունների նկատմամբ կիրառում «սեւ ցուցակ»: Ուկրաինայի դիրքորոշումը Ղրիմի առնչությամբ միանգամայն հասկանալի է: Բայց, ինչու՞ է առաջացել Ուկրաինայի դեսպանատան հայտարարության անհրաժեշտությունը, ի՞նչ են արել Հայաստանի քաղաքացիները: Կամ, արդյոք Ուկրաինան իր բոլոր դեսպանատներով է տարածել այդօրինակ հայտարարություն, կամ տարածում պարբերաբար: Չէ՞ որ ռուսաստանցիներից բացի, Ռուսաստանի տարածքով Ղրիմ այցելում են հազիվ թե միայն Հայաստանի քաղաքացիներ: Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը ասել է, թե ինչն է հարցը: Ըստ նրա, խնդիրը Հայաստանի ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանն է, որը ՀՀ մի խումբ քաղաքացիների հետ այցելել է Ղրիմ եւ այնտեղ խոսել ինքնորոշման իրավունքի մասին: Երբ ռադիոկայանի լրագրողը հիշեցնում է, որ Բաբուխանյանը Հայաստանի պաշտոնական որեւէ իրավասություն ունեցող ներկայացուցիչ չէ, ուղղակի ՀՀ շարքային քաղաքացի, հավատարմատարը տալիս է բավականին տարօրինակ պատասխան. «Այսպես ասենք․ նրա «Իրավունք» թերթը նրան ներկայացնում է որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, և դա մեզ մոտ առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում»: Հայկ Բաբուխանյանի թերթը նրան կարող է ներկայացնել որպես Հռոմի կայսր կամ ԱՄՆ նախագահ, Հայաստանում Ուկրաինայի դեսպանատնից պետք է զանգահարեին ԱՄՆ դեսպանատուն կամ Վաշինգտոն՝ տեղեկության իսկությունը պարզելու համա՞ր: Հայկ Բաբուխանյանի թերթն էլ, ինչպես Բաբուխանյանն ինքը, որեւէ առնչություն չունի պաշտոնական Երեւանի հետ: Ավելին, այդ թերթը աչքի է ըկնում Հայաստանի իշխանության կոշտ եւ անգամ կոպիտ ընդդիմախոսությամբ: Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը հենց միայն Հայաստանում իր գործի շրջանակում թերեւս պետք է տիրապետեր այդ պարզ իրողությանը: Մինչդեռ, դրա փոխարեն արվում է հայտարարություն, որն անհարկի խնդրահարույց իրադրություն է ստեղծում հայ-ուկրաինական տիրույթում: Այն դեպքում, երբ Հայաստանում թավշյա հեղափոխությունից, նաեւ Ուկրաինայում նոր սերնդի գործիչ նախագահի ընտրությունից հետո ձեւավորվում է հայ-ուկրաինական հարաբերության վերափոխման, արդյունավետության բարձրացման նոր հեռանկար: Դրա հանդեպ պետք է վարվել խնամքով, որովհետեւ այդ հեռանկարը շատ կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ուկրաինայի համար՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Թերեւս արժե, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը զննության առարկա դարձնի Երեւանում դեսպանատան վարքագիծը, եթե իհարկե այն չի եկել հենց Կիեւից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
13-11-2019 19:14