Ում է լսել ռուս պատգամավորը՝ Զախարովայի՞ն, թե Ալիեւին. ՀՀ դեսպանատան ակնարկը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը բավական կոշտ հայտարարություն է տարածել Արմավիրի դումայի պատգամավոր ոմն Վինոգրադովի կատարած վանդալիզմի կապակցությամբ: Կրասնոդարի մարզի այդ քաղաքի քաղաքային դումայի այդ պատգամավորը սեւ ներկ է փչել հայկական եկեղեցու բակում գտնվող Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակի վրա: ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հայտնել է, որ տեղյակ է պահել համապատասխան մարմիններին: Միեւնույն ժամանակ, դեսպանատունը նշում է, որ տեղի ունեցածը մարտահրավեր է հայ-ռուսական հարաբերությանն ու կարող է հանգեցնել ընդհուպ ազգամիջյան լարվածության: Հայաստանի դեսպանատան այդօրինակ արձագանքը պարունակում է ակնարկ, որ ակցիան պարզապես ոմն պատգամավորի ձեռքի գործ չէ եւ կարող է ունենալ հենց այդպիսի՝ հայ-ռուսական ազգամիջյան լարվածություն հրահրելու նպատակ: Իսկ ու՞մ կարող է դա ձեռնտու լինել, առավել եւս օրերս Երեւան ՌԴ արտգործնախարարի պաշտոնական այցի եւ դրա ընթացքում հնչած հայտարարությունների համատեքստում: Տեղի ունեցածը հետաքրքիր է նաեւ շաբաթներ առաջ ԱՊՀ երկրների վեհաժողովում Նժդեհի թիրախավորման ալիեւյան ակցիայի ֆոնին: Ալիեւը որոշել էր Վեհաժողովն օգտագործել Հայաստանի դեմ հարձակման համար, խաղալով այսպես ասած «ռուսական զգացմունքների» վրա: Արդյոք Արմավիրում տեղի ունեցածն այդ խաղի շարունակությունն էր: Մյուս կողմից, պետք է արձանագրել, որ խաղը մեծ հաշվով սկսել էր Լավրովի մամուլի խոսնակը՝ տիկին Զախարովան, ով իր ղեկավարի հետ օրերս Հայաստանում էր եւ Ինստագրամում տեղեկացրել էր, որ գիշերը Երեւանում ջազ է լսել՝ ակումբներից մեկում: Իսկ ի՞նչ է լսել Վինոգրադովն իր վանդալիզմին նախորդող գիշերը: Կամ, ու՞մ է նա լսել ընդհանրապես Նժդեհի հանդեպ իր վարքը ձեւավորելիս՝ Զախարովայի՞ն, թե Ալիեւին: Թեեւ, Ալիեւը պարզապես ձայնակցում է ռուսական պաշտոնական ձեւակերպումներին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
13-11-2019 19:52