Հայաստանի խոշորագույն արևային էլեկտրակայանը միացվեց ազգային էլեկտրացանցին

13-11-2019 20:02

Նոյեմբերի 13-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում կայացավ «ԱրՍան 1-2» (ArSun) արևային արդյունաբերական կայանի բացման պաշտոնական արարողությունը: Խորհրդանշական ժապավենի կտրման և կայանը Հայաստանի էլեկտրական Ցանցերին միացնելու արարողությունները իրականացվեցին «ԱրՍան 1-2» կայանների երկու համասեփականատերերի՝ Հայկ Շեկյանի և Կարեն Ղազարյանի կողմից: Կարեն Ղազարյանն իր խոսքում նշեց․ «Մեր համագործակցությունը հիմնված է դեռ ուսանողական տարիներին ձևավորված վստահության վրա և ունենալու է շարունակական բնույթ: Մենք պլանավորում ենք նոր արևային կայանների կառուցումը՝ նպատակ ունենալով ավելացնել Արևային էներգետիկայի կշիռը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում, նվազեցնելու երկրի էներգետիկ կախվածությունը արտաքին աշխարհից և բարելավելու շրջակա միջավայրը»: Կայանի համասեփականատեր, նախագիծն իրագործած՝ «Շտիգեն» (Shtigen) ընկերության տնօրեն Հայկ Շեկյանն ավելացրեց․ «Բոլոր նրանք, ովքեր ունեն ազատ դրամական միջոցներ և ուզում են ապահով և եկամտաբեր ներդրում կատարել, կարող են վստահորեն դիմել մեզ: Սա թվով հինգերորդ արդյունաբերական կայանն է, որ մենք թողարկում ենք, և ի հաշիվ մեր կուտակած փորձի, ինչպես նաև լավագույն արտադրողների հետ ունեցած կայուն գործընկերային հարաբերությունների՝ կարողանում ենք ապահովել լավագույն գին-որակ հարաբերակցություն՝ 450$ 1 կՎտ դրվածքային հզորության համար առանց ԱԱՀ: Առանձնահատում շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ին՝ նախագծի ֆինանսավորումը շահավետ պայմաններով իրականացնելու և պրոֆեսիոնալ աշխատելաոճի  համար»: Միջոցառմանը ներկա գտնվելու համար Հայաստան էր ժամանել արևային վահանակներ արտադրող միջազգային առաջատար ընկերություններից Phono Solar-ի (Ֆոնո Սոլար) փոխնախագահ պարոն Մայքլ Լին, ով իր խոսքում նշեց, որ հպարտ է կատարված աշխատանքով: «Հայաստանում շփվեցի տասից ավել գործարարների հետ, տեսնում եմ մեծ ձգտում և պոտենցիալ ձեր երկրում արևային էներգետիկայի զարգացման համար»: ԱրՍան 1-2 կայանների մասին Նախագծի մասին հայտարարվել էր ուղիղ մեկ տարի առաջ` Նոյեմբերի 14-ին Հայաստանի Էներգետիկ շաբաթվա միջոցառումների ընթացքում  (նկարը կից): Ֆինանսավորման և մատակարարման աշխատանքների ավարտից հետո, հուլիսին տրվել էր կայանի կառուցման մեկնարկը: Տեղադրված դրվածքային հզորությունը կազմում է 2 ՄՎտ (ֆոտովոլտային հզորությունը՝ 2,2 ՄՎտ): Կայանը ֆինանսավորվել է «Արմսվիսբանկ»-ի կողմից՝  Գերմանահայկական հիմնադրամի ԳՀՀ ՎԷ ծրագրի շրջաննակներում, որի ռեսուրսները տրամադրվում են գերմանական KfW բանկի կողմից: Կիրառվել են միջազգային շուկայում ներկայում ամենաժամանակակից՝ bifacial half-cut վահանակներ, որոնք էլեկտրաէներգիա են գեներացնում դիմային և հակառակ երեսներով: Այսպիսով՝ Հայաստանում «ԱրՍան 1-2»-ը արտադրողականությամբ, ինչպես նաև վահանակների գումարային հզորությամբ ամենամեծ արևային կայանն է:  Այն տարեկան կարտադրի 3,4ԳՎտժ էլեկտրաէներգիա, կնվազեցնի շրջակա միջավայր աշխաթթու գազի արտազատումը տարեկան 1500 տոննայով: Տեխնիկական տվյալներ Ներդրումների ծավալ՝ 2մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Տարածքը՝ 4հա Վահանակները՝ 5832 հատ 380Վտ հզորությամբ Տեսակը՝ երկկողմանի(bifacial) Փոխակերպիչներ՝ 34 հատ «ԱրՍան 1-2» կայանների բացման միջոցառումների շարքը կեզրափակվի հաջորդ օրը՝ Նոյեմբերի 14-ին  «Հրազդան» հյուրանոցում կայանալիք ներդրումային ֆորումով, որի ընթացքում կներակայցվեն արևային խոշոր կայանների նախագծման ու կառացման գոյություն ունեցող լավագույն լուծումները, միջազգային արտադրողների նորարարական առաջարկները,  բանկային ֆինանասվորման պայմանները: Մուտքը՝ նախապես գրանցումով:

Lragir.am,
13-11-2019 20:02