Մեկնարկում է գրքի երևանյան փառատոնը

13-11-2019 22:21

Գրքի երևանյան երրորդ փառատոնի շրջանակում նախատեսվում են հայ, արտասահմանյան հեղինակների գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, բանախոսություններ գրատպության, հրատարակչական գործի վերաբերյալ, հանդիպումներ հասարակական, մշակութային գործիչների հետ: Փառատոնն անցկացվելու է նոյեմբերի 22-ից 24-ը Հայկական բարեգործական ընդհանուր միությունում: Մեզ հետ զրույցում փառատոնի կազմակերպչական թիմի անդամ Անի Հակոբյանը տեղեկացրեց, որ միջոցառման շրջանակում հայտարարվել է գրական մրցույթ, որին ներկայացվել է 87 հայտ՝ 43-ը «Պոեզիա», 34-ը «Արձակ», 10-ը «Դրամատուրգիա» անվանակարգերում: «Մասնագիտական ժյուրին քննում է հայտերը և շուտով ամփոփելու է արդյունքները:  Փառատոնի երեք անվանակարգում հաղթողների անունները կհայտարարվեն փակման արարողության ժամանակ՝ նոյեմբերի 24-ին: Այդ օրը ելույթ կունենան «Հովեր» պետական կամերային երգչախումբը և «Վահագն Հայրապետյան» ջազ քառյակը»,-նշեց Հակոբյանը: Նրա խոսքով` Գրքի երևանյան փառատոնին անցկացվելու է ցուցահանդես-տոնավաճառ, որին կմասնակցի 37 հրատարակչություն, գրախանութ և կազմակերպություն, գրքերը կվաճառվեն մինչև 40 տոկոս զեղչով: Միջոցառման բացման արարողությանը համերգով հանդես կգան «Ագապէ» կամերային երգչախումբը և «Երևան» լարային քառյակը: Փառատոնի շրջանակում անցկացվող շնորհանդեսներին կներկայացվեն Սթիվեն Քինգի «Փայլատակում», Լայմըն Ֆրենկ Բաումի «Սանտա Կլաուսի կյանքն ու արկածները», Ռուբեն Հովսեփյանի «Հեքիաթներ», Օլգա Տոկարչուկի «Գրքի մարդկանց ուղևորությունը», Սամվել Գասպարյանի «Կաիսայի ընտրյալները. Տիգրան Պետրոսյան» և այլ գրքեր: Կանցկացվեն նաև քննարկումներ «Իմ փոքրիկ գիրքը» մանկական կոմիքսների շարքի, Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» և այլ գրքերի վերաբերյալ, կլինի ջազի և պոեզիայի վինիլային երեկո Վահագն Մարտիրոսյանի հետ: Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Lragir.am,
13-11-2019 22:21