Հայաստանը ներդրումների գրավման միջոցով կարող է հասնել միլիարդ դոլարների արտահանման ծավալների

13-11-2019 22:55

Հայաստանն առաջիկա 10-20 տարիներին կարող է մի շարք ոլորտներում հասնել միլիարդ դոլար արժողությամբ արտահանման ծավալների, եթե պատշաճ կերպով խթանվեն ներդրումները, ինչը կօգնի առարկայացնելու երկրի իշխանությունների կողմից խոստացված տնտեսական հեղափոխությունը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) Ներդրումային, ձեռնարկատիրության և զարգացման հանձնաժողովի կողմից հրապարակված Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցում, որի պատրաստումը նախաձեռնվել էր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Շվեյցարիա կատարած այցից հետո: Նախագահ Սարգսյանը դեռևս 2018 թվականին Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել էր ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ և հանդես էր եկել առաջարկությամբ՝ անհատույց կերպով պատրաստելու Հայաստանի ներդրումային քաղաքականությանը վերաբերող զեկույցը: UNCTAD-ի թիմը 2019 թվականին այդ նպատակով այցելել էր Հայաստան: Արդեն 2019 թվականի հունիսին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Մուքիսա Քիթուիի հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանը, բարձր գնահատելով կառույցի գործունեությունը, շնորհակալություն էր հայտնել Համաժողովին և անձամբ գլխավոր քարտուղարին՝ Հայաստանի ներդրումային քաղաքականությանը վերաբերող զեկույցի անհատույց պատրաստումը ձեռնարկելու համար: Նոյեմբերի 12-ին Ներդրումային, ձեռնարկատիրության և զարգացման հանձնաժողովի նիստին զեկույցի հրապարակման ժամանակ UNCTAD-ի ներդրումների և ձեռնարկատիրության հարցերով տնօրեն Ջեյսմ Ժանը, ընդգծելով, որ զեկույցը պատրաստվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նշել է, որ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը պատրաստելիս հաշվի են առնվել երկրի համեմատական առավելություններն ու սահմանափակումները: Զեկույցում ընդգծված է Հայաստանի ներուժը մի շարք ոլորտներում, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գինեգործությունը, ագրոբիզնեսն ու դեղագործությունը: Նշվել է, որ որպեսզի տնտեսության կառուցվածքային փոփոխությունների միջոցով հնարավոր լինի կյանքի կոչել աղքատության և գործազրկության հաղթահարման մասին կառավարության տեսլականը, անհրաժեշտ են բարեփոխումներ ներդրումային քաղաքականության մեջ, ինչպես նաև առավել նշանակալի ջանքեր ուղղված ներդրումների ընդլայնմանը: Ներդրումային քաղաքականության զեկույցը նպատակ ունի նպաստելու ներառական աճին և կայուն զարգացան խթանմանը: Այն նաև ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր Հայաստանում խորացնել բարձր տեխնոլոգիական ոլորտը և դարձնել երկիրն առաջավոր հանգույց նորարարությունների, տվյալների գիտության, արհեստական բանականության համար: Նշվում է նաև, որ հայկական սփյուռքը Հայաստանի առավելությունների շարքում է և ապագայում ևս կարող է առանցքային դերակատարում ունենալ: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, ով ևս մասնակցել է քննարկմանը, ընդգծել է, որ Հայաստանը հասունացել է բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսական հեղափոխության համար, ուստի արվում է ամեն բան հանուն գործարար միջավայրի արդիականացման:

Lragir.am,
13-11-2019 22:55