Վառելափայտը փոխարինել կենսավառելիքով. փոխնախարարը նոր նախաձեռնության մանրամասներ է ներկայացնում

13-11-2019 23:21

Հայաստանում ապօրինի անտառահատումների հետ կապված պետությունը կիրառում է խիստ միջոցներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշեց, որ  փայտ տեղափոխող ցանկացած մեքենա ենթարկվում է խիստ հսկողության: Դա հանգեցրել է նրան, որ այդ գործում ներգրավվածներն առավել զգույշ են դարձել: Վարդան Մելիքյանը նշեց, որ սա միայն Շրջակա միջավայրի նախարարության աշխատանքի արդյունքը չէ, ճանապարհներին տեղադրված են ոստիկանական, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հենակետեր: Ընդհանուր առմամբ իրականացվում է կոշտ վարչարարություն: Այդ դեպքում խիստ միջոցառումներից հետո ի՞նչ վիճակագրական պատկեր է արձանագրվել, արդյոք նվազե՞լ են անտառահատումների դեպքերը: Հարցին ի պատասխան, նախարարի տեղակալը նշեց, որ միանշանակ նվազել են: «Կարող ենք ասել, որ հենակետերով անցնող ապօրինի դեպքերը ներկայում 10 անգամ կրճատվել են: Ինչ վերաբերում է կոնկրետ վիճակագրական տվյալներին, ապա ուզում եմ ասել, որ եթե դրանք համեմատվեն նախորդ տարիների հետ, ապա իրական պատկերը ցույց չեն տա, որովհետև նախկինում հասկանալի է, որ ոչ բոլոր դեպքերն են արձանագրվել, իսկ մենք հիմա ֆիքսում ենք ամեն ինչ»,-ասաց Վարդան Մելիքյանը: Նախարարի տեղակալի խոսքով՝ հասկանալի է, որ մարդիկ տները տաքացնելու կարիք ունեն: Այս առումով անհրաժեշտ է արդյունավետ կազմակերպել թափուկի բաշխումը: Այս պահին արդեն մոտ 80 հազար խմ թափուկ բաշխվել է: Հիմնականում այն տեղափոխվում է մարզերի կենտրոններ, որովհետև փայտը գյուղաբնակների համար բավական թանկ է: Երկարաժամկետ կտրվածքով պետությունը խնդրի լուծման նոր նախաձեռնությամբ է պատրաստվում հանդես գալ: Նախատեսում է նոր ծրագիր իրականացնել, որի նպատակն է վառելափայտը փոխարինել կենսավառելիքով: Խոսքը բրիկետների արտադրության մասին է, որի հումքը պետք է դառնա գյուղատնտեսական մնացորդը, մասնավորապես, ծղոտը: Մոլդովայում այդ ուղղությամբ ԵՄ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ բավական հաջող ծրագիր է իրականացվել: Վարդան Մելիքյանը նշեց, որ պատրաստվում են մեկնել Մոլդովա փորձին ծանոթանալու: Հինգ տարվա ընթացքում էներգետիկ բալանսում կենսավառելիքի բաժինը գրեթե զրոյից հասել է 10 տոկոսի: Զրոյից շուկա է զարգացվել, ինչը նախատեսվում է անել նաև Հայաստանում: «Այսպիսով, ոչ միայն բավարարվում են մարդկանց էներգետիկ կարիքները, այլև աշխատատեղեր են ստեղծվում, այդ արդյունաբերության ճյուղն է զարգանում: Հայաստանն ունի անհրաժեշտ սարքավորումները բրիկետները տեղում արտադրելու համար: Չարենցավանում, Հրազդանում երբեմնի հզոր արդյունաբերական հաստատությունները նաև այս ուղղությամբ աշխատելու հնարավորություն ունեն»,-ասաց փոխնախարարը: Անդրադառնալով անտառների պահպանման հետ կապված այլ աշխատանքներին՝ Վարդան Մելիքյանը նշեց, որ իրենց կարևոր խնդիրը կառույցների հզորացումն է: Նա ընդգծեց, որ տարիներ շարունակ այս ոլորտն անտեսված է եղել՝ ունենալով նվազագույն ֆինանսավորում: Հոկտեմբերի 1-ից  20 հազար դրամով բարձրացվել են անտառապահերի և անտառապետների աշխատավարձերը: Այս միտումն առաջիկայում կշարունակվի: Դրանից բացի, «Հայանտառ»-ի աշխատակիցներին հատկացվել է համազգեստ:

Lragir.am,
13-11-2019 23:21