Ծեծկռտուքի մասնակիցները մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ազգականներն են եղել. Հրապարակ

14-11-2019 09:13

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Կոտայք ՋՕԸ-ում` ջրօգտագործողների միությունում միջադեպ էր տեղի ունեցել: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր թեկնածուին է ցանկացել նշանակել ՋՕԸ պետի պաշտոնակատար, սակայն գյուղացիները դիմադրել են, ծեծկռտուք է սկսվել: Մեզ մի շարք մանրամասներ են հայտնի դարձել դեպքի հետ կապված, մասնավորապես՝ ՋՕԸ-ի նոր պետը՝ Գուգո Օսիպյանը, Ռոմանոս Պետրոսյանի մորաքրոջ տղան է, այդ պաշտոնում նրա նշանակմանը օգնել է Պետրոսյանի մեկ այլ բարեկամ Պավել Ցուգունյանը՝ մականունը՝ Պաշ: Նա նախկինում նշանակվել էր մարզպետի օգնական և վարում էր Հրազդան բ/կ-ի վրա հաշվառված ավտոմեքենան, այժմ նշանակվել է Կոտայքի մարզի ՋՕԸ-ի տնօրեն, նա մարզպետի կնոջ ազգականն է: Գուգոն նույնպես վարորդ է եղել, տաքսի է վարել: Մեզ հասած տեղեկություններով՝ Նոր Գեղի համայնքի բնակիչները ցանկացել են զրուցել Գուգո Օսիպյանի հետ, սակայն վերջինս չի ուզեցել լսել նրանց, վիճաբանություն է սկսվել և գյուղացիները Օսիպյաին ծեծի են ենթարկել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպին խառնվել են ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները, որոնց, ըստ որոշ տեղեկությունների, հենց մարզպետն է հրավիրել: Կոտայքի մեր աղբյուրը նաև հայտնեց, որ Ռոմանոս Պետրոսյանը դեպքի առնչությամբ իր շտաբում ժողով է հրավիրել, որպեսզի կողմերին հորդորի՝ հերքեն իր հետ այդ անձանց ազգակցական կապերը: Հետագայում նաև մենք ստացանք նշված ժողովից կադրեր: Թեմայի առնչությամբ փորձեցինք կապվել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին: Նույն կերպ մեր զանգերին չպատասխանեց Նոր Գեղիի համայնքապետ Վարդան Պապյանը: Փորձեցինք դեպքի վերաբերյալ մանրամասներ ստանալ ոստիկանությունից, սակայն մեզ ասացին, որ ավելին, քան հրապարակել են իրենց հայտարարության մեջ, ասել չեն կարող: Իսկ հայտարարության մեջ ասվում է հետևյալը․ «նոյեմբերի 12-ին կենցաղային հարցերի շուրջ միջադեպ է տեղի ունեցել Կոտայք ՋՕԸ-ի գլխավոր էներգետիկի և պոմպակայանի նախկին ղեկավարի միջև: Դեպքի վերաբերյալ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել և օրենքով սահմանված կարգով նյութեր են նախապատրաստվում: Հոդվածում հիշատակված դանակահարության վերաբերյալ ոստիկանություն տեղեկություն չի փոխանցվել ո’չ որևէ բուժհաստատությունից, ո’չ հաղորդում տված անձից, ինչպես և դանակահարության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով»:

Lragir.am,
14-11-2019 09:13