Ինչու ԲՀԿ-ն անակնկալ ձեռնպահ քվեարկեց

Մեր զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Պարոն Մելքումյան, նախօրեին ԲՀԿ-ական պատգմավորները դրական ելույթներ ունեցան Անվտանգության խորհրդում ԱԺ նախագահի մասնակցությունը թույլատրող օրինագծի վերաբերյալ, իսկ հետո անակնկալ ձեռնպահ քվեարկեցիք, և օրենքը չանցավ: Եթե երեկ լսել եք, ես ասացի, որ Անվտանգության խորհրդում ոչ միայն ԱԺ նախագահը պետք է լինի, այլև ԱԺ խմբակցությունների ղեկավարները, և հարց տվեցի, թե անկախ նրանից Անվտանգության խորհրդի անդամ են, թե ոչ, հրավիրե՞լ են այդ մարդկանց: Այսինքն՝ խնդիրը ավելի ամբողջական օրենք ունենալու մեջ է: Հնարավո՞ր է, որ ձեր ձեռնպահ քվեարկությունը պայմանավորված էր վերջին օրերին ԱԺ-ում ԲՀԿ-ի և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների միջև առկա լարվածությամբ և սուր ելույթներով: Բացարձակ, բայց դուք տեսաք, թե քանի օրենքի մենք կողմ քվեարկեցինք: Եթե օրենքը պարունակում է ռացիոնալ հատիկ ի շահ պետության, ժողովրդի, մենք կողմ ենք քվեարկում: Այսինքն՝ դուք հիմա առաջարկում եք Անվտանգության խորհրդում ընդգրկել նաև ԱԺ որոշ հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների՞: ԱԺ կանոնակարգ օրենքը լրջագույն Սահմանադրական օրենք է, որն ընդունելու համար անհրաժեշտ է 80 ձայն: Սահմանադրական օրենքները ոտքի վրա չեն անցկացվում, համակողմանի քննարկում չի եղել, մի քանի ելույթ է եղել: Ես կարծում եմ, որ այդ օրենքը պետք է ընդունել այնպես, որ ամբողջական լինի: Կարող է մի անգամ այսպես ընդունենք ու կանգնի, այնինչ պետք է ամբողջական փոփոխություն լինի: Ելնելով նրանից, որ պետք է ամբողջ խորհրդարանի դերակատարությունն ամբողջականացնել, նաև Անվտանգության խորհրդի աշխատանքներին մասնակցելու առումով, հետևաբար, պետք է հանգամանորեն քննարկվի և ամբողջական փոփոխություններ արվեն: Համապատասխան հանձնաժողովի նիստում ինչո՞ւ այդ հարցը չեք բարձրացրել, որ արդեն այդ փոփոխություններով օրինագիծը հասներ ԱԺ նիստի: Ես չեմ մասնակցել այդ հանձնաժողովի նիստին: Մենք բոլոր հարցերն էլ քննարկել ենք, բայց քանի որ գտնում ենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի մասին է խոսքը, պետք է մի անգամ ամբողջական անցնել այդ ամենի միջով, որպեսզի ամեն անգամ չվերադառնանք դրան: Այսինքն՝ փաստացի դեմ չեք օրինագծին, ուղղակի առաջարկում եք էլի փոփոխություններ անել: Նայած օրենքն ինչպիսին կլինի: Այս տեսքով ձեռնպահ քվեարկեցինք: Երբ մեր առաջարկները կընդունվեն, այդ ժամանակ կտեսնենք: Այստեղ զուտ մասնակցության հարց չէ, նաև գործառույթների հարց կա՝ խմբակցությունների ղեկավարներ, հանձնաժողովներ, դրանք պետք է լինեն: Այսինքն՝ այն, որ Անվտանգության խորհրդում պետք է ԱԺ նախագահը լինի, դա ձեզ չէ՞ր բավարարում: Եթե պրոֆիլային հարցեր կան, որ վերաբերում են պաշտպանությանը, արտաքին քաղաքականությանը, պետք է դրանք լիարժեք մասնակցություն ունենան: Մեզ պետք է նաև լիարժեք քննարկում կազմակերպել: Այս նախագիծը քննարկել ենք նաև նախորդ գումարման ԱԺ-ում: ԲՀԿ-ն հայտարարեց, որ դեմ է քվեարկելու 2020 թվականի բյուջեի նախագծին: Դա ամենևին հեղափոխական բյուջե չէ: Եթե բյուջեում 221 մլրդ դրամ փող կա դրված, որից 89 մլրդ դրամն է ծախսվել, էլ ի՞նչ եք ուզում: Այսինքն ԲՀԿ-ն դիրքավորվում է որպես ավելի արմատակա՞ն ընդդիմություն: Ոչ, մենք այնպիսին ենք, ինչպես կանք, արմատականի հարց չկա: Ձեր խմբակցությունում կան պատգամավորներ, որոնց ելույթներն են հուշում այդ մասին: Հետաքրքիր է, նրանց հայտարարություններից հետո խմբակցությունում քննարկում լինո՞ւմ է: Բոլորի ելույթների մասով էլ քննարկումներ լինում են, մեզ մոտ ներկուսակցական ժողովրդավարությունը բարձր մակարդակի վրա է, բայց եթե հետևեք հայտարարություններին խմբակցության անունից, ընդհանուր մեր մոտեցումները միասնական են:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
14-11-2019 10:42