Առաջին ընթերցմամբ ընդունվեց ժամանակավոր կալանավորման բողոքարկմանն առնչվող օրենքի նախագիծը

14-11-2019 10:48

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ժամանակավոր կալանավորման կիրառումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելի դարձնելու մասին օրենքի նախագիծը:  «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: «Օրենքի նախագիծը նպատակ ունի բողոքարկելի դարձնել ժամանակավոր կալանավորման կիրառումը մերժելու մասին դատարանի որոշումը: Ներկայումս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ միջնորդությունը քննարկելիս դատարանը լսելով դատախազին, ձերբակալված անձին և նրա պաշտպանին, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և ժամանակավոր կալանավորում կիրառելու կամ միջնորդությունը մերժելու մասին: Ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով»,- նշել էր Գալյանը: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 96 կողմ ձայնով:

Lragir.am,
14-11-2019 10:48