Վատ լուր գրպանահատների համար

14-11-2019 10:46

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գրպանահատությունը մասնավոր մեղադրանքից տեղափոխել հանրային մեղադրանքի տիրույթ: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 97 կողմ ձայնով: Առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում նշվել էր, որ ներկայում Քրեական օրենսգրքում ձևակերպումն այնպիսին է, որ գողությունն ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն է զգալի չափերով: Արարքը չի կարող որակվել ծանրացնող հանգամանքներում կատարված, օրինակ, բնակարան մուտք գործելով կատարված, եթե արարքում առկա չեն հասարակ հանցակազմի հատկանիշները: Նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր բովանդակությամբ՝ գողություն է համարվում ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը: Առաջարկում են լրացնել նաև՝անձի մոտ գտնվող իրերի գողությունը, ինչպես նաև գողությունը, որը կատարվել է անձի մոտ գտնվող կամ նրա կողմից կրվող հագուստից, այդ թվում գրպանից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից: Նախագծի ընդունման պարագայում կբարձրանա գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն համարժեք, ինչպես նաև կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը:

Lragir.am,
14-11-2019 10:46