32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու համար

14-11-2019 11:26

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում  ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է  դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 1987թ. ծնված քաղաքացուն: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը, 2019 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 23:24-ին, մուտք  գործելով Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող դեղատներից մեկը, գումար հափշտակելու դիտավորությամբ, հարձակում է գործել նշված դեղատան աշխատակցի նկատմամբ՝ ի ցույց  դնելով նախապես վերցված դանակը, վաճառասեղանից ներս անցնելու սպառնալիքով, պահանջել և ստացել է դրամարկղում առկա գումարները՝ պատճառելով զգալի չափերի վնաս: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 32-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Lragir.am,
14-11-2019 11:26