ՀԴՄ-ները պետք է ունենան նաև Pos տերմինալի ծառայություն

14-11-2019 11:54

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշում, ըստ որի՝ նոր ներկրվող ՀԴՄ-ները պետք է վեց ամսվա ընթացքում ունենան նաև Pos տերմինալի ծառայություն: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստում ասաց, որ նախորդ տարի ՀԴՄ-ների ներմուծումն ազատականացնելու որոշումն ընդունելուց հետո կան կազմակերպություններ, ովքեր արդեն ՀԴՄ-աների ներկրման ուղղությամբ քայլեր են արել: Նոյեմբերի վերջին կամ դեպտեմբերի սկզբին որոշ կազմակերպություններ արդեն պատրաստ են ՀԴՄ-ների նոր խմբաքանակներ բերել Հայաստան: «Բայց կա մի տեխնիկական խնդիր, հսկիչ դրամարկղային մեքենաները պետք է ունենան նաև Pos տերմինալի ֆունկցիա, և այդ ֆունկցիան բանկերի հետ աշխատելու համար բավական երկար ժամանակ է պահանջում: Մենք առաջարկում ենք այս փոփոխությամբ սահմանել հետևյալը՝ Պետական եկամուտաների կոմիտեն հաստատի, եթե տեխնիկական պահանջները բավարար են, բոլոր մնացած պայմանները կան, Pos տերմինալի ֆունկցիան պետք է վեց ամսվա ընթացքում ևս ակտիվացվի: Սրանով մենք հնարավորություն կտանք, որւ ազատականացման գործընթացում ներգրավված տնտեսավարողները օր առաջ կարողանան մատակարարել այդ ՀԴՄ-ները»,- ասաց Անանյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ դա որքանո՞վ է նպաստում կանխիկի շրջանառությունը կրճատելու և ռազմավարական հեռանակարում կանխիկի շրջանառությունը վերացնելու ՀՀ կառավարության նպատակադրությանը: «Երկրորդ, պետք է խոստովանենք, որ ՀԴՄ-ների ոլորտում մենք ըստ էության խնդիր ենք ստեղծել, որովհետև այն պրոբլեմը, որը Հայաստանում տարիներ շարունակ քննարկվում էր, որ ՀԴՄ-ների ներմուծումը պետք է մենաշնորհ չլինի, շուկան պետք է ազատականացվի, մենք շուկան ազատականացրեցինք, բայց առաջացավ ՀԴՄ-ների դեֆիցիտ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ՊԵԿ նախագահին խնդրելով ՀԴՄ-ների դեֆիցիտի մասին տեղեկատվություն ներկայացնել: Դավիթ Անանյանն ասաց, որ 2019 թվականի մայիսին, երբ դե ֆակտո ազատականացման գործընթացը մեկնարկեց, կար շուրջ 4000 ՀԴՄ-ի հայտ, բայց կար 13 500 մնացորդ ՀԴՄ: «ՊԵԿ ՀԴՄ ՊՈԱԿ-ն այժմ միայն իրավունք ունի սպասարկել սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին, այն էլ պետք է անվճար տրամադրի ՀԴՄ-ները: Այսօրվա դրությամբ ՊՈԱԿ-ն ունի շուրջ 100-110 ՀԴՄ, բայց պահանջարկն արդեն 10 հազարից ավելի է»,- ասաց նա: Անանյանը հավելեց, որ ՀԴՄ-ների այդ քանակի պահանջարկի պատճառները երեքն են: Առաջինը՝ իրավական ակտի ուժով այս տարվա հունվարի մեկից վերջին խումբը՝ փոքր ու միջին բիզնեսը ևս պետք է պարտադիր կիրառեր նոր ՀԴՄ-ներ, նրանք պետք է ՀԴՄ ձեռք բերեին: Երկրորդ պատճառը նոր տնտեսվարողների գրանցում է, իսկ երրորդը՝ նաև ստվերից դուրս բերելու գործողությունների արդյունք է: Նաև գործող ընկերություններն իրենց գործունեության ոլորտներն ընդլայնել են, նոր ՀԴՄ-ների կարիք առաջացավ, ասաց Անանյանը: ՊԵԿ նախագահն ասաց, որ Pos տերմինալի  100 տոկոսով կիրառման նորմ դեռ օրենսդրությամբ ամրագրված չէ, հետևաբար կարող են վեց ամիս ժամանակ տալ, որպեսզի նոր ներկրվող ՀԴՄ-ներն ապահովվեն նաև այդ գործառույթով: «Բոլորը դեռևս պարտադիր կիրառելու պահանջ չունեն»,- ասաց նա: Վարչապետը հետաքրքրվեց՝ իսկ երբ է դա լինելու պարտադիր: Անանյանն ասաց, որ Կենտրոնական բանկի հետ աշխատանք են տանում, պետք է մոնիթորինգ անեն, որպեսզի տեսնեն, թե ամբողջությամբ կիրառումն ինչ է նշանակում, պետք է դիտարկեն Հայաստանում սփռված ամբողջ բիզնեսը: Վարչապետը հավելեց․«Դա նշանակում է, որ Հայաստանի անգամ ամենահեռավոր գյուղում առևտուր պետք է հնարավոր լինի անել բանկային քարտով, ճի՞շտ է: Սա մեր ռազմավարությունն է՝ կանխիկի շրջանառությունը կրճատելու և ի վերջո ընդհանրապես բացառելու: Ինձ վերջերս մի պատմություն պատմեցին՝ այսօր աշխարհում կան երկրներ, որտեղ մուրացկաններն անգամ կանխիկ դրամաշրջանառություն չունեն: Այս ամենն ասում եմ՝ ցույց տալու համար, թե ուր է հասել աշխարհը: Կանխիկի շրջանառությունը ոչ թե պետք է կրճատել, այլ վերացնել, և դա կարևոր է նաև կոռուպցիայի վերացման առումով»: ՊԵԿ նախագահն ասաց, որ աշխատանք են տանում ԿԲ հետ, որպեսզի բանկերն իրենց ծառայությունների վճարները նվազեցնեն, որոշ դեպքերում ընդհանրապես չլինեն սպասարկման վճարներ: Այս փուլում, ըստ Անանյանի, կան քննադատություններ, որ դրանով տնտեսվարողները սպասարկման վճարների հետ կապված վնասներ կկրեն:

Lragir.am,
14-11-2019 11:54