Նախորդ տարվա համեմատ ՀՀ առևտրային բանկերի վճարած հարկերն ավելացել են 9.4 տոկոսով

14-11-2019 00:33

Հայաստանի բանկերի միութունը մշտապես դիտարկում է Պետական եկամուտների կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ  առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետևում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին և ծավալներին: Ինչպես հայտնեցին Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունից, համաձայն հրապարակված հերթական տեղեկատվության՝ ընդամենը հարկերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում կազմել են 764.6 մլրդ ՀՀ դրամ, որը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 90.8 մլրդ ՀՀ դրամով կամ 13.5%-ով: ՀՀ 17 առևտրային բանկերը կազմելով  1000 խոշոր հարկատուների ցանկի ընդամենը 1.7 %-ը՝ նշված ժամանակահատվածում վճարել են 42.3 մլրդ դրամի չափով հարկեր կամ ընդհանուրի 5.5%ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3.6 մլրդ ՀՀ դրամով կամ 9.4%-ով: Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում կազմել է 2 մլրդ 489 մլն դրամ և գերազանցել մնացած կազմակերպությունների միջինին, որը կազմել է 734 մլն դրամ: Հավելենք, որ ուղղակի հարկերի ընդամենը՝ շահութահարկի և եկամտահարկի մասով բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019 թվականի 9 ամիսների ընթացքում  կազմել է 298.2 մլրդ ՀՀ դրամ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 67.9 մլրդ դրամով կամ 29.5%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2019 թվականի 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 5.5 մլրդ դրամով կամ 15.9%-ով՝ կազմելով 40 մլրդ դրամ: Այստեղ բանկերը էապես առաջնային դիրքերում են: Առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ընթացիկ տարվա 9 ամիսների կտրվածքով, ուղղակի հարկերով, 12 առևտրային բանկ գտնվում են առաջին 100-յակի ցուցակում: 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը եղել է 2 մլրդ 354 մլն դրամ և մի քանի անգամ գերազանցել մնացած կազմակերպությունների միջինին, որը կազմել է 262 մլն դրամ:

Lragir.am,
14-11-2019 00:33