Որ ավիաընկերությունների համար կհանվի «օդի տուրքը»

14-11-2019 13:02

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «օդի տուրքը» զիջել այն ավիաընկերությունների համար, ովքեր նոր ուղղություններով փոխադրումներ կիրականացնեն: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ այս պահին 11-12 մլրդ դրամ է բյուջե մուտքագրվում «օդի տուրքի» շնորհիվ, բայց այդ արտոնությունը տրամադրելու պարագայում ունենալու ենք դրական էֆեկտ: Ըստ հաշվարկների՝ մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ բյուջեն կհամալրվի լրացուցիչ եկամուտներով, ասաց նա: «Որպես հետևություն՝ ներկա դրությամբ բոլոր ուղղություններով իրականացվող ավիափոխադրումների օդի տուրքի գործող կարգավորումը կարգավորվում է: Բայց միաժամանակ կարևոր է նշել, որ սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին և որևէ ավիաընկերության առանձին արտոնություն չի տրվում: Բնականաբար, սա լայն հնարավորություն է ստեղծում, որ Հայաստանում ստեղծվի մրցակցային դաշտ, նոր ուղղություններ բացվեն»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ նախադեպը Ryanair և նմաօրինակ ավիաընկերություններն են, որոնց ցանկություն են հայտնում գալ հայաստանյան շուկա: Վարչապետ Նիկոլ Փաշինայնն ասաց, որ դեռևս վեց ամիս առաջ կառավարությունում այս թեմայով խորհրդակցություններ են անցկացվել և կայացվել է քաղաքական որոշում՝ բոլոր այն դեպքերում, երբ որևէ ավիաընկերության կողմից կբացվի վերջին 12 ամսում չսպասարկված ուղղություն, կառավարությունը «օդի տուրքն» այդ ուղղություններով կհանի: Այդ քաղաքական որոշման արդյունքում, ըստ նրա, արդեն կա մեկ ավիաընկերություն, որը պատրաստ է «Զվարթնոցի» ու Գյումրիի ուղղություններով չվերթներ իրականացնել: «Եղան քննարկումներ, որ Ryanair-ին տրվում է արտոնություն: Այս որոշմամբ որևէ մեկին արտոնություն չի տրվելու, մենք ավիաընկերություններին հրավիրում ենք գալ ու այս արտոնությունից օգտվել՝ կլինի տեղական, թե օտարերկրյա: Այս պահին միայն այդ մեկ ավիաընկերությունն է հայտ ներկայացրել այդ արտոնությունից օգտվելու: Մենք համոզված ենք, որ սա էական ազդեցություն է ունենալու մեր երկրում ավիատոմսերի գնագոյացման ու տնտեսական զարգացման վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն ասաց, որ այս պահին կան նաև այլ ավիաընկերություններ, մասնավորապես «Ազիմուտ» ռուսական ավիաընկերութունն էլ է հայտ ներկայացրել, դեպի Կալուգա չվերթներ կիրականացնի Հայաստանից: Արդեն դեկտեմբերի կեսից կսկսեն աշխատանքները: Ընդհանրապես ութ հաստատված նոր ուղղություններ կան, բայց կլինեն ավելի քան տասը, ասաց Ռևազյանը: Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասաց, որ տեղական շուկայից էլ կա հետաքրքրություն, մոտ տասը նոր ուղղությունների մասին է խոսքը: «Էդ ամեն ինչը, որ ասում եք, եթե դառնա իրականություն, ավիաշուկայում կլինի հեղափոխություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Lragir.am,
14-11-2019 13:02