ՍԴ մասին օրենքում լրացումներ կարվեն. Նիկոլ Փաշինյանը հեգնեց

14-11-2019 13:14

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Սահմանադրական դատարանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասնեց, որ ներդրվում է վաղ կենսաթոշակի սխեման: «Նպատակը հետևյալն է՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրական դատարանի 9 դատավորները պետք է հետյալ ընթացակարգով ընտրվեին՝ Ազգային ժողովի կողմից, երեքական թեկնածու առաջադրում էր կառավարությունը, երեքական՝ Դատավորների ընդհանուր ժողովը և երեքական՝ հանրապետության նախագահը: Եվ ըստ էության ստացվում է այնպես, որ հնարավոր է, որ առհասարակ կյանքի չկոչվի այս մոդելը, որովհետև սահմանադրական փոփոխությունները 2015 թվականին էին, դրանից առաջ պաշտոնավարում էին ՍԴ անդամները, որոնք ընտրվել էին հին կարգով: Եվ կառավարությունը, հաշվի առնելով, որ Հայաստանում տարիներ շարունակ բարձր կոռուպցիայի մակարդակ է եղել և այդ կոռուպցիան իր ազդեցությունն է ունեցել նաև դատական համակարգի վրա, խնդիր ենք դրել տարբեր գործիքների միջոցով ստուգել դատավորների բարեվարքությունը: Ոչ միայն դատավորների, այլ նաև տարբեր իրավապահ մարմինների: Եվ այս վաղ կենսաթոշակի ներդրումը հերթական քայլն է: Այս նախագծով պահպանվում են ՍԴ անդամների սոցիալական երաշխիքները»,- ասաց նախարարը: Բադասյանի խոսքով՝ նախատեսվում է մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում ՍԴ անդամի անդամին մինչև պաշտոնավարման տարիքը լրանալը հատկացնել կենսաթոշակ նրա հրաժարականի պահին ստացած դրույքաչափի և հավելավճարի չափով: Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ որևէ առարկություն չի կարող լինել այն դեպքում, եթե վաղ կենսաթոշակի անցնելը կամավոր է, ասաց նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարևոր է արձանագրել այն խնդիրը, որն ուզում են դրանով լուծել: Ըստ նրա՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով հիմնադրվել է ՍԴ մոդել: «Ընդ որում այդ ՍԴ մոդելը լայնորեն քարոզվել է նաև սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում: Մոդելը հետևյալն է՝ ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետ է սահմանված՝ 12 տարի: Երկրորդ՝ նախատեսվում է, որ ՍԴ նախագահին պետք է ընտրեն ՍԴ անդամները, նախագահի պաշտոնավարման ժամկետ է ընտրված վեց տարին: Հիմա այս բոլոր դրույթները ուժի մեջ են մտել սահմանադրական մյուս դրույթների հետ: Բայց այս սահմանադրական փոփոխություններով նախատեսված դրույթները հնարավոր չի լինի իրականացնել առնվազն մինչև 2035 թվականը: Մի կողմից ասել են՝ տեսեք , ժողովուրդ ջան, մենք երազանքի սահմանադրական մոդելը գտել ենք, մյուս կողմից արել են գործողություններ, որոնք ՀՀ-ին մինչև 2035 թվականը թույլ չեն տալու ունենալ երազանքի Սահմանադրական դատարան»,- ասաց նա: Փաշինյանն ասաց, որ տասը տարին մեկ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացվում: «Հիմա մենք այս օրենքով հնարավորություն ենք տալիս, որպեսզի խնդիրը լուծվի: Հաշվի առնելով, որ ՍԴ դատավորների առնվազն մի մասը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել այդ երազանքի ՍԴ ձևավորմանը, մենք սրանով հնարավորություն ենք տալիս, որ մարդիկ աջակցեն իրենց իսկ երազած Սահմանադրական դատարանի հաստատմանը՝ առանց սոցիալական երաշխիքների կորստի»,- ասաց Փաշինյանը:

Lragir.am,
14-11-2019 13:14