Ահա թե ուր են տանում մադրիդյան սկզբունքները. Երեւանը հրաժարվում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ազգային Ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Մադրիդյան սկզբունքներին, ասելով, թե այդ առնչությամբ չունի նոր ասելիք, քան այն, ինչ հայտարարել է մարտի 12-ին Ստեփանակերտում: Մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարեց Մադրիդյան սկզբունքները մերժելու մասին, ասելով, որ Մինսկի խմբի համանախագահները պետք է հստակություն մտցնեն, թե ինչ են իրենցից ենթադրում եւ նշանակում այդ սկզբունքները: Երեւանը հայտարարեց, որ դրանք ենթակա են կամայական մեկնաբանման, իսկ դա մտցնում է անորոշություն, հետեւաբար հնարավոր չէ բանակցել անորոշ սկզբունքների շուրջ կամ դրանց հիման վրա: Նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը կրկնել է դա, ասելով, որ մենք պետք է իմանանք, թե ու՞ր են տանում այդ սկզբունքները՝ տանում են մեր ուզա՞ծ տեղը, թե՞ այլ տեղ: Նրա խոսքով, միայն այդ դեպքում Երեւանը պետք է որոշի՝ գնա՞լ այդ ճանապարհով, թե ոչ: Մադրիդյան կոչված սկզբունքները Հայաստանը որպես բանակցության հիմք ընդունել է այն ժամանակ, երբ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը՝ 2007 թվականի վերջին: Ընդ որում հատկանշական է, որ երկրորդ նախագահն այդ սկզբունքներն ընդունեց՝ լինելով հեռացող նախագահ: Խոշոր հաշվով, իհարկե, մադրիդյան սկզբունքներում չկար կարգավորման մինչ այդ եղած մոտեցման փիլիսոփայության փոփոխություն, որովհետեւ հիմքում «տարածք ինչ որ բանի դիմաց» տրամաբանությունն է, կամ այլ կերպ ասած՝ ստատուս-քվոյի փոփոխությունը: Իսկ դա նշանակում է, որ մադրիդյան սկզբունքները, կամ մինչ այդ եղած մյուս բոլոր տարբերակները, կամ ավելի շուտ՝ այդ ամենի հիմքում եղած փիլիսոփայությունը, տանում են մի տեղ՝ նոր պատերազմ: Դրա վկայությունը 2016-ի ապրիլն էր: Այդ իմաստով, մադրիդյան սկզբունքները խաղաղության հեռանկարի հետ չունեն որեւէ առնչություն: Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կարգավորումը պետք է բխի նաեւ Ադրբեջանի ժողովրդի շահից, այստեղ ստեղծվում է հակոտնյա տրամաբանության տպավորություն, որովհետեւ այդ դեպքում պետք է լինի փոխզիջում, այսինքն ստատուս-քվոյի փոփոխություն: Սակայն, խորքային առումով իրավիճակը թերեւս ավելի քան պարզ է: Ադրբեջանի ժողովուրդը պետք է հստակ պատկերացնի, որ ստատուս-քվոն որեւէ կերպ հնարավոր է փոխել միայն պատերազմով: Իսկ հետո արդեն Ադրբեջանի ժողովուրդը պետք է ինքն իր համար հստակ պատասխանի մի հարցի. «Իսկ պատերազմով ստատուս-քվոն փոխել հնարավո՞ր է», կամ «հնարավո՞ր է պատերազմում հաղթել Հայաստանին»: Եթե Ադրբեջանի ժողովուրդը կհամարի, կկարծի, որ հնարավոր է, ապա թող կայացնի պատերազմի որոշում: Բայց, մինչ այդ պատկերացնելով հնարավոր աղետի մասշտաբն ու հետեւանքը, որովհետեւ պատերազմը Կովկասում կամ ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ ու կազմաքանդմամբ՝ նաեւ հենց այն պարզ պատճառով, որ Ադրբեջանի ժողովուրդ ասվածն իր կազմով անորոշություն է, կամ լինելու է ռեգիոնալ խոշոր աղետ: Իսկ կարգավորումը կարող է իրապես բխել նաեւ Ադրբեջանի ժողովրդի շահից, եթե կառուցվում է ստատուս-քվոյի պահպանման եւ պատերազմի բացառման տրամաբանության ու փիլիսոփայության վրա: Այլ հարց է, որ դա կարող է չբխել Ադրբեջանի իշխանության շահից, բայց այդ հարցն արդեն Ադրբեջանի ժողովրդի որոշելիք հարցն է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
14-11-2019 15:08