Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ

14-11-2019 15:19

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 22 մլն դրամ հավելյալ ֆինանսավորում` համընդհանուր ներառական կրթության արդյունավետ իրականացման նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Նշված ֆինանսավորումից  17 մլն դրամը կհատկացվի «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին`  հանրակրթական դպրոցների առարկայական ուսուցիչների մասնագիտական շարունակական վերապատրաստումը կազմակերպելու համար: Իսկ 5 մլն դրամը նախատեսված է վերապատրաստող կազմակերպությունների առցանց հայտագրման և դասընթացների հայտարարությունների տեղադրման նոր համակարգ մշակելու, ներդնելու և սպասարկելու համար: Գումարը կհատակացվի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին»: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 14-ի նիստում`  բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով: Ուսուցիչների վերապատրաստումը համընդհանուր ներառական կրթության ծրագրի արդյունավետության  ապահովման համար գերակա նշանակություն ունի: ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է ստեղծել վերապատրաստող կազմակերպությունների առցանց հայտագրման և դասընթացների հայտարարությունների տեղադրման միասնական համակարգ, որտեղ  գրանցվելուց հետո կազմակերպություններին հնարավորություն կտրվի հրապարակել վերապատրաստման դասընթացների իրենց հայտարարությունները և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Համակարգը հնարավորություն կընձեռի վերապատրաստման հավակնորդ ուսուցիչներին ընտրելու և գրանցվելու վերապատրաստման դասընթացներին: Յուրաքանչյուր ուսուցիչ համակարգում կունենա վիրտուալ միավորների հաշիվ (account): Համակարգը նաև հնարավորություն կտա ուսուցիչներին առցանց համակարգում ներկայացնել վերապատրաստման հետ կապված իրենց կարիքներն ու հետաքրքրվածությունը, որը ուղղորդիչ նշանակություն կունենա վերապատրաստման դասընթացներ մշակման համար: Ինչ վերաբերում է «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի» վերապատրաստումներին` 2019 թվականի հուլիսի 1-ից նոյեմբերի 1-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամը իրականացրել է  «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացման» փորձնական ծրագիրը, որի շրջանակում կատարվել է 60 վերապատրաստող-մենթորի  ընտրություն: Նշված 60  մասնագետները դպրոցներում կիրականացնեն հանրակրթական դպրոցների առարկայական ուսուցիչների ներառական կրթության մասնագիտական կարողությունների զարգացում (վերապատրաստում և մենթորական աջակցություն): Գումարը նախատեսված է մասնագետների վարձատրությունն ապահովելու համար:

Lragir.am,
14-11-2019 15:19