ՀՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողները մասնակցել են Համաշխարհային բանակային խաղերին

14-11-2019 16:25

ՀՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողները հոկտեմբերի 15-28-ը մասնակցել են Չինաստանի Ուհան քաղաքում անցկացված 7-րդ Համաշխարհային բանակային խաղերին: Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո անցկացված բանակային խաղերին մասնակցել է 105 պետության ավելի քան 10.000 մարզիկ, այդ թվում նաև՝ օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Մարզիկներն ուժերը չափել են 27 մրցաձևերում: Հայաստանը ներկայացրել են 15 մարզիկ-զինծառայողներ, ովքեր հանդես են եկել ըմբշամարտ, ձյուդո, կողմնորոշում տեղանքում և մարմնամարզություն մրցաձևերում: Հայ մարզիկները գրանցել են բավականին բարձր ցուցանիշներ: Մասնավորապես՝ ազատ ոճի ըմբշամարտիկ Մհեր Մարկոսյանը և մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճել են բրոնզե մեդալներ: Ռազմական սպորտի միջազգային խորհրդը ստեղծվել է 1948թ. փետրվարի 18-ին:  CISM-ը միջազգային խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է 138 պետություն: «Ընկերություն սպորտի միջոցով» կարգախոսն ունեցող կազմակերպության նպատակն է տարբեր պետությունների զինծառայողներին մեկտեղել մարզական մրցահարթակներում: Ռազմական սպորտի միջազգային խորհրդը պարբերաբար կազմակերպում է տարբեր մարզաձևերի տարածաշրջանային, մայրցամաքային և աշխարհի առաջնություններ: Կազմակերպվում են նաև համաշխարհային կադետական խաղեր, որոնց մասնակցում են ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները: Կազմակերպության խոշորագույն միջոցառումներն են զինվորականների ձմեռային և ամառային խաղերը, որոնց մասնակցելու իրավունք ունեն բացառապես գործող զինծառայողները: Ռազմական սպորտի միջազգային խորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավարը փոխգնդապետ Արման Դավթյանն է: Չինաստանում անցկացված 7-րդ Համաշխարհային բանակային խաղերին մասնակցած ՀՀ պատվիրակության ղեկավարն էր գնդապետ Արամ Գրիգորյանը:

Lragir.am,
14-11-2019 16:25