Գործընթացը սկսված է, միացեք. Միքայել Մինասյան

14-11-2019 16:32

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը Արդեն խոսել ենք մեր օրերի Հայաստանի` «Երկիր-«Հայկական ժամանակի» մասին, երբ հորինված` 24-ժամյա իրականությունների հերթափոխն ամեն անգամ փշրվում է իրական կյանքի մարտահրավերներին բախվելիս: Երկիրը չի կարող երկար ապրել որպես թերթ, որը երեկոյան փակում են ու ուղարկում տպարան, իսկ հաջորդ առավոտյան սկսում մաքուր էջից: Եվ երեկվա, այսօրվա ու վաղվա հոդվածների համար չունեն պատասխանատվություն` ո՛չ հեղինակները, ո՛չ ընթերցողները: Որովհետև թերթն ընդամենը լուրերի համախումբ է, որը հաջորդ իսկ պահին դառնում է անցյալ և հազվադեպ միայն ապագա: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում ապրում են մարդիկ, ովքեր ունեն իրական հոգսեր, իրական խնդիրներ, իրական երազանքներ ու իրական կարիքներ: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը բարդ տարածաշրջանային աշխարհագրություն ունեցող երկիր է, որի ժողովրդագրական, անվտանգային, մակրոտնտեսական և այլ մարտահրավերները շատ իրական են: Դրանք պահանջում և պահանջելու են իրական հոգատար լուծումներ: Պոպուլիզմն ու բռնապետությունը լավ ապրելու ուղղությամբ չեն տանում ու չեն էլ կարող տանել: Բռնապոպուլիզմը չի երաշխավորում երկրի անվտանգությունն ու քաղաքացու բարեկեցությունը: Ճիշտ հակառակը: Եթե դեռ երեկ փրփրած ապացուցում էին, որ այսուհետ արդեն ամեն ինչ շա՛տ ու շա՛տ լավ է լինելու, ապա այսօր արդեն փրփրած ապացուցում են, որ ամեն ինչ ավելի վատ չէ, քան 2 տարի առաջ էր: Միառժամանակ հետո նույն եռանդով ապացուցելու են, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Զանգվածային հիպնոսը դանդաղ դառնում է իշխանության գործունեության միակ ուղղությունը: Երկրաչափական պրոգրեսիայով աճող ձախողումները ծածկելը շուտով կխլի իշխանության ողջ ժամանակը` անընդմեջ համոզելու բոլորին, որ սխալ են ընկալել իրականությունը և այն լրիվ ուրիշ է: Այդ փուլն արդեն իսկ սկսվել է: Այս ամենը պետք է ավարտվի: «Հեռացնել շարքային պացիենտին»` սա է Երկիր- «Հայկական ժամանակի» վերջակետի բանալին: Որքան արագ, այնքան ավելի շատ բան կմնա չավերված ու այնքան ավելի արագ կլինի վերականգնումը: Արդյո՞ք մենք դա գիտակցում ենք: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ամեն հաջորդ ամիս գիտակցողների մեծ բանակին ավելանում է բնակչության ևս 2 տոկոսը կամ ավելի քան 50 հազար մարդ, կամ մոտ մեկ քաղաք: Մենք իսկապե՛ս շատ ենք: Մեր ժողովուրդը օժտված է բացառիկ տաղանդով անգամ մահաբեր թմրությունից դուրս գալու արագության մեջ: Ու անհավանական արագությամբ գալիս է նոր թրենդ, նոր շարժում, որ կոչվում է «Վե՛րջ Երկիր-«Հայկական ժամանակին»: Իսկ եթե մենք` բոլորս, և դու, մասնավորապես, խորությամբ ընկալել ես սպասվող աղետի շոշափելի լինելը, եթե քեզ համարում ես տեր՝ երկրին ու ապագային, եթե քեզ տեսնում ես նոր թրենդի մեջ ու պատրաստ ես միանալ «Վե՛րջ Երկիր-«Հայկական ժամանակին» շարժմանը, ուրեմն անելիք ունես: Քո հեղափոխությունը սկսված է: Հետևաբար, ի՞նչ պետք է անես դու. 1. Խոսի՛ր: Գիտեմ` դու ասելիք ունես: Նույնիսկ ճիչ: Դու հոգնել ես ապրել ամենօրյա նյարդային միջավայրում: Քեզ արդեն խանգարում է տեղեկատվության բոլոր աղբյուրներից հորդացող հարայհրոցը, գոռոց-ճղճղոցը, ամեն օր հրամցվող նոր «թշնամիների» պարտադրանքը, «ամեն ինչ լավ է»-ի` կեղծ տեսարանների առատությունը: Իրականում պարզ է, որ ցանկացած առողջ հոգեբանությամբ մարդ ցանկանում է հանգիստ առօրյա, ցանկանում է ապրել իր խնդիրներով, երեխաների ուսման հոգսով, ունենալ նպատակներ, ծրագրել իր անելիքը՝ առաջիկա ամսվա, տարվա կամ ապագայի համար: Այսօր դա անհնար է անել, երբ շուրջբոլորը մոլագար գոռգռոց է, անառողջ ու չդադարող աղմուկ: Իրականում ամեն ինչ քո ձեռքերում է. անջատիր քեզ մտածել խանգարող աղմուկն ու ի՛նքդ խոսիր: Խոսիր բարձրաձայն, այլ ոչ թե ինքդ քո հետ: Այսօրվա խոսացողներից որևէ մեկը քեզնից խելացի չէ, և, որ ավելի կարևոր է, քեզնից իրական չէ: Խոսի՛ր, մաս դարձի՛ր նոր թրենդին, նոր շարժմանը: Խոսի՛ր աշխատավայրում, խոսի՛ր բակում, հյուր գնալիս ու բարեկամական շփումներում: 2. Մի՛ վախեցիր: Կարող է թվալ, թե այսօր ռեժիմին հակառակվողներին կալանավորում են կամ խայտառակում, քեզ կամ հարազատներիդ: Սո՛ւտ է: Իհարկե շատ կուզեին, բայց չեն կարող: Անշուշտ, հանցավոր թիմակիցների արարքները ծածկելը տեսնում ենք ամեն օր: Անշուշտ, այլախոհների դեմ կալանքը որպես քաղաքական գործիք օգտագործելն էլ տեսնում ենք անընդհատ: Դա ավելի շատ արվում է քո ընկալումների համար, որ քեզ թվա, թե յուրաքանչյուր հակառակ միտք ասողին, բարձրաձայնողին կձերբակալեն: Հիմարություն է: Մի՛ վախեցիր, որ չխաղաս կիսագրագետ քաղաքականություն իրագործողների խաղը: Կա ավելի մեծ վախ՝ դա վաղը վախենալու այլևս ոչինչ չունենալն է, դա տեսանելի աղետն է, որի համեմատ ներկա հորինովի և թվացյալ վախն ուղղակի խաբկանք է: 3. Պահանջի՛ր: Իրենք կան, քանի որ կաս դու: Դու ես իրենց աշխատանք տվել: Նրանք դա շփոթել են գահի հետ: Քո հույսը դեպի պայծառ ապագա վերածել ես քվեի, իսկ նրանք քո քվեն ընկալել են ոչ թե որպես պարտավորություն, այլ միջոց: Դու չէիր քվեարկում հանուն կեցավայրի միլիոնավոր դոլարի նորոգման, մասնավոր ինքնաթիռի ու գերթանկարժեք ավտոմեքենայի համար, այլ ակնկալում էիր հոգսի թեթևացում ու արդյունավետ աշխատանք, արդարություն և օրենքի գերակայություն: Նրանք խոստացան, բայց արդյունքի փոխարեն սկսեցին ծածկադմփոց անել խայտառակությունները և որդեգրեցին կեղծ արդյունք-հեքիաթներ մատուցելու մարտավարությունը: Քեզ խոստացել են, ուրեմն պահանջի՛ր. թող արագաչափերը հանվեն, գազն ու էլեկտրաէներգիան էժանանան, վերելակները փոխարինվեն-մեծացվեն, չէ՞ որ խոստացել են: Պահանջի՛ր խոստումների կատարում: Պահանջի՛ր բոլոր քո ունեցած հնարավորություններով, խոսի՛ր, գրի՛ր ու արձագանքի՛ր: 4. Մերժի՛ր վիրտուալ իրականությունը Սոցիալական ցանցերում վաղուց արդեն գործում են իշխանական պրոֆեսիոնալ շատ մեծ բանակներ: Նրանք նպատակ ունեն հրահանգավորված վիժեցնել ցանկացած խնդրի քննարկում, հայհոյել այլախոհներին, անընդհատ կերտել նոր թշնամիներ և ստեղծել կեղծ իրականություն, իբր ամբողջ ժողովուրդը իշխանության հետ է, իսկ ցանկացած բացասական երևույթի համար մեղավոր են հնարավոր բոլոր ուրիշները, բայց ոչ իշխանությունը: Հետևաբար հաղթի՛ր այս կեղծ, վիրտուալ իրականությանը: Մի՛ կարդա, պարզապես մի՛ կարդա: Սոցիալական ցանցերում քեզ հետ շփվելու հնարավորություն տուր միայն իրական մարդկանց, մերժիր ցանկացած կեղծը: Մի՛ կարդա «քոմենթներ», դրանք արտադրվում են հրահանգով, ավտոմատացված համակարգերով. դրանց հետևում չկան իրական մարդիկ, կան բանաձևեր՝ հայհոյել, խայտառակել կամ լռեցնել: Դրանց արտադրության վրա ծախսվում են հանրային մեծ միջոցներ: Մերժիր կեղծ վիրտուալ իրականությունը, դա Հայաստանում հատուկ նպատակով ստեղծված ժամանակակից հանրային թմրամիջոց է և զենք` ստեղծողների ձեռքին: 5. Դատի՛ր ինքդ Ամենօրյա գլուխգովանության, անվերջ «սելֆիների» հոսքի, արքայավայել ճամփորդությունների, չընդհատվող միջոցառում-տեսարանների տակ միշտ փորձիր հասկանալ քո ու քո ընտանիքի համար հնարավոր իրական օգուտը. կա՞, թե՞ չկա: Տվյալ տեսարանը որևէ կերպ, որևէ իրական ծրագրով բարեկեցության բարձրացման հնարավորություն ավելացնու՞մ է, երեխաների կրթության կամ ծնողների առողջական խնդիրների լուծման նոր ճանապարհ բացու՞մ է, ինչ-որ չափով ավելացնու՞մ է մեր երկրի անվտանգության մակարդակը: Եթե ոչ, անջատի՛ր հեռուստացույցը և գնա՛ զրուցելու ընկերներիդ հետ: Գիտեմ, որ մերժել ես անցյալը, բայց անցյալը մերժել չի նշանակում մեխանիկորեն համաձայնել ներկայի բոլոր դատարկաբանությունների ու սպառնալիքների հետ: Մերժել ներկան, չի նշանակում վերադարձ անցյալին: Թույլ մի տուր, որ անցյալի հանդեպ քո բարկությունը զենք դարձնեն քո դեմ ներկայում: Գնա՛ զրուցելու ընկերներիդ հետ. միասին դուք ավելի խորը կտեսնեք իրականությունը: 6. Հիշի՛ր, քեզ չվերաբերող անարդարություն չկա Մեր օրերի ամենամեծ խաբկանքն այն է, թե աչքի չընկնելով, ոչինչ չանելով կամ շողոքորթելով իշխանությանը, կարելի է խուսափել պետական բռնությունից: Ուրիշի հանդեպ ընդգծված անարդարություն կամ բռնություն չի լինում: Վաղ թե ուշ հերթը քեզ էլ կհասնի: Չկանգնեցի՞ր այսօր ակնհայտորեն սեփական կարծիքի համար հանիրավի պատժվողի, վարկաբեկվողի կողքին, վաղը, երբ հասնի քո հերթը, մենակ կլինես: Միշտ ձայն բարձրացրու իշխանական «բեսպրիդելի» դեմ, որ մենակ չմնաս: 7. Թիմ հավաքիր Բազմապատկվող խնդիրներին արձագանքն իշխանության կողմից ավելացող կեղծիքն ու ահագնացող բռնությունն է լինելու` ձեռագիրն արդեն պարզ է: Եթե գտել ես համախոհների այն խումբը, որտեղ հարմարավետ ես զգում, քննարկիր նաև ինքնակազմակերպվելու, միասին գործելու, միասին պաշտպանվելու և խնդիրներ լուծելու տարբերակները: Ծանր շրջանը նոր է սկսվում. քննարկիր քեզ, ձեր ընտանիքները համակարգված պաշտպանելու քո ու համախոհներիդ հնարավորությունները: Ի վերջո, թույլ մի՛ տուր կործանման տանող իշխանությանն ամեն հիմար քայլից հետո թաքնվել քո մեջքի հետևում: Թույլ մի՛ տուր ամեն անհեթեթություն ասել քո անունից: Մի՛ դարձիր վաղվա աղետի պատասխանատուն: Այդ պատասխանատուն դու չես, բայց դրան տանում են քո անունից ու կդարձնեն քեզ: Թիմ հավաքիր, որ միասին դուրս գաք կենդանի պատնեշի այն դերից, որ այսօր պարտադրել են ձեզ: Եվ վերջում: Սա հեղափոխական թերթիկ չէ, ոչ էլ մանիֆեստ կամ գործողությունների հրահանգ: Սա երկիրը փրկելու, թևաթափ չլինելու, իշխանական անբովանդակ աղմուկի մեջ քիչ թե շատ կողմնորոշվելու ուղեցույց է: Երբ երկրում արտաքուստ ոչինչ ճակատագրական չի կատարվում, դժվար է հավատալ նրանց, ովքեր գուժում են մոտալուտ աղետը: Երբ երկրում զուռնա-դհոլի ձայնը չի մարում, դժվար է լսել պրագմատիկներին: Երբ անպատասխանատու, բայց ճարտար խոսքը խլացնում է ցանկացած մտահոգություն, իհարկե այլախոհները կարող են անհամոզիչ թվալ: Բայց ցավոք սրտի, այն, ինչ զգում ենք բոլորս՝ մի մասը կանխատեսում է, մյուսը մասը` կանխազգում, լինելու է: Սկսվել է: Եվ մոտալուտ աղետը՝ լինի տնտեսական, անվտանգային թե հանրային, ուղիղ համեմատական է լինելու այն ծավալին, որով այսօր արդեն պետք է չափվի այս իշխանության ընդդիմախոսների քանակը: Որքան շատ լինենք այսօր, այնքան փոքր կլինի վաղվա աղետը: Հետևաբար պետք է գործել: Անհապաղ ու հենց այս պահից: Հ.Գ. Գործընթացը սկսված է: Մեր մայրենիի ու պատմության համար Երևանի կենտրոնում փողոց են դուրս եկել փայլուն երիտասարդներ: Փարիզում դեմ առ դեմ իրենց բողոքի ձայնն են հնչեցնում իրականությունը հավուր պատշաճի ընկալած մեր հայրենակիցները: Վաղը Մարզահամերգային համալիրում Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի կունենա «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը: Շատ ու շատ այլ գործընթացներ արդեն իսկ սկսվել են: Միացեք, որին կուզեք: Կամ ստեղծեք նորը: Սխալ է միայն ոչինչ չանելը:

Lragir.am,
14-11-2019 16:32