Կադիրովի անսպասելի առաջարկը

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ՌԴ դաշնային իշխանությանն առաջարկելու է կառուցել ցամաքային ճանապարհ Վրաստանից Չեչնիա: Ըստ նրա, Վրաստանից մինչեւ չեչենական Իտում Կալե բնակավայր մոտ 50 կմ է, եւ ճանապարհը կօգնի բարձրացնել հաղորդակցությունը Թուրքիայի ու Եվրոպայի հետ: Կադիրովի հայտարարությունը տարածել են ՌԴ դաշնային լրատվականները: Դա նշանակու՞մ է, որ նրա առաջարկը կարող է հավանության արժանանալ Մոսկվայում, որը փաստորեն կլինի Վերին Լարսի այլընտրանք: Ավելորդ է խոսել, որ դա կարեւոր իրադարձություն կլինի Հայաստանի համար: Կօգնի՞ Կադիրովը Հայաստանին կամա, թե ակամա: Համենայն դեպս նա թերեւս պատկերացնում է, որ այդօրինակ ճանապարհը կապի հնարավորություն է ոչ միայն Թուրքիայի ու Եվրոպայի, այլեւս Հայաստանի ուղղությամբ, կամ Հայաստանից-Ռուսաստան, հատկապես նկատի ունենալով Վերին Լարսի խնդիրը: Չեչնիայի ղեկավարը չի՞ ենթարկվի Հայաստանի շրջափակման նպատակներին: Թե՞ Կադիրովն այս դեպքում օրակարգ է բերում թեմա, որը պաշտոնական Մոսկվայի հանձնարարությունն է, պարզապես ինչ-ինչ նկատառումներով այն բարձրաձայնվում է Չեչնիայից: Այստեղ իհարկե կարեւոր է, թե ինչ դիրքորոշում կունենա Վրաստանը: Ինչպես հայտնի է, Մոսկվան ու Թբիլիսին արդեն տեւական ժամանակ բանակցում են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով անցնող ճանապարհները գործարկելու ուղղությամբ՝ շվեյցարական ընկերության մոնիտորինգային աջակցությամբ: Խոսքը 2008-ի պատերազմից հետո՝ 2011-ին կնքված համաձայնագրի իրագործման վերաբերյալ բանակցության մասին է, որի առնչությամբ ժամանակ առ ժամանակ հնչում են դրական սպասումներ, սակայն առարկայական նորություն կարծես թե առայժմ չկա: Բանակցության ընթացքի վրա թերեւս շոշափելի ազդեցություն ունեցավ ընթացիկ ամռանը Վրաստանում բռնկված հակառուսական ալիքը, ակցիաները, որոնք որոշակիորեն բարդացրին Վրաստան-Ռուսաստան առանց այդ էլ բարդ հարաբերությունը: Կընդունի՞ Թբիլիսին Չեչնիայի տարածքով հաղորդուղի կառուցելու գաղափարը, եւ ի՞նչ պայմաններով: Ակնառու է, որ այստեղ իր դերն է ունենալու մեծ քաղաքականությունը, ինչը նշանակում է, որ ազդեցության իրենց լծակներն են փորձելու գործադրել նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը: Խոշոր հաշվով, նրանց պե՞տք է այլընտրանքային ճանապարհ դեպի Ռուսաստան: Ադրբեջանին հաստատապես այդպիսին պետք չէ, իսկ Թուրքիայի՞ն: Եթե պետք է, ապա արդյոք այնքան, որ Անկարան կարող է գերակա չհամարել Հայաստանի համար տրանսպորտային նոր հնարավորության արգելափակումը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
14-11-2019 16:38