Հանքավայրը շահագործվել է առանց հողատարածքի նպատակային նշանակությունը դրան համապատասխանեցնելու

14-11-2019 17:53

ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ Լոռու մարզում գտնվող ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման պայմանների, ընդերքօգտագործման նպատակով հողատարածքների իրացման օրինականությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հանքավայրի շահագործման նպատակով «Ս…» ՓԲ ընկերությանը տրված լեռնահատկացման ակտով 2015թ.-ից, մինչև 01.03.2049թ. գործողության ժամկետով, տրամադրվել է 278,6հա լեռնահատկացման տարածք: ՀՀ վարչապետի աշխատակազմի հանձնարարականի հիման վրա 2019թ. ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից Ստեփանավան համայնքի հողամասերի հաշվառման և գնահատման տվյալների ուսումանսիրությամբ պարզվել է, որ համայնքում վերը նշված ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանում է 89,9 հա մակերեսով հողամասեր, որից 76,4հա՝ գյուղատնտեսական նշանակության և միայն 13,5հա՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության: Ընդ որում, պարզվել է, որ ՓԲԸ-ն ընդերքօգտագործման նպատակով օգտագործում է շուրջ 128 հա հողատարածք, որից միայն 77.6 հեկտարն է կազմում իր սեփականությունը: Մնացած մասով ապօրինի օգտագործվում է համայնքային (41.6հա) և քաղաքացիների (8.74հա) սեփականության հողամասերից: Դա այն դեպքում, երբ ըներությունն իր սեփականությունը չհանդիսացող հողատարածքները կարող էր օգտագործել միայն սեփականատիրոջ համաձայնությամբ կամ հողատարածքի օգտագործման պայմանագրով: Ավեին. ՀՀ ընդերքի մասին և ՀՀ հողային օրենսգրքերով սահմանված պահանջներից ելնելով՝ ընկերությունը չէր կարող իրեն սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերն օգտագործել ընդերքօգտագործման նպատակով՝ առանց դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու, ինչը չի իրականացվել: Արդյունքում ընկերության կողմից համայնքային բյուջե չի վճարվել սեփականության իրավունքով իրեն պատկանող 76,4հա ընդհանուր մակերեսով հողամասերի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքների՝ փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է շուրջ 299մլն դրամ: Բացի այդ, ընդերքօգտագործման նպատակով օգտագործվող հողատարածքների նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոխադրվելու դեպքում դրանց վարձավճարները 2016-2018թթ. համար կարող էին կազմել մոտ 7.8մլն դրամ, իսկ հողի հարկը՝ մոտ 2.6մլն. դրամ: Ըստ հողային, տեղական ինքնակառավարման օրենսդրությունների, այդ ժամանակ գործող ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի պահանջների՝ համայնքների հողերի օգտագործման, հողամասերի տրամադրման, վարձավճարների և հարկերի գանձման, հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության լիազորությունները կրել են մարզպետները և համայնքների ղեկավարները: Այպիսով, ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված նյութերի ուսումնասիրությամբ առերևույթ տվյալներ են ստացվել 2015-2019թթ. ՀՀ Լոռու մազպետարանի և Ստեփանավան համայնքի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց վերապահված՝ վերահսկողության պարտականությունը չկատարելով ՓԲԸ-ին պատկանող 76,4հա մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու համար միջոցներ չձեռնարկելու, ընկերության կողմից ապօրինի հողօգտագործումը կանխելու, հողային օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու և դրա հետևանքով համայնքի բյուջե կադաստրային արժեքների տարբերությունը, վարձավճարները և հողի հարկերը կազմող ընդհանուր առմամբ շուրջ 309.4մլն դրամի գումարները չվճարելու, ինչպես նաև ՓԲԸ-ի պատասխանատու ծառայողների կողմից վստահությունը չարաշահելու եղանակով համայնքին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու վերաբերյալ: Նշված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Lragir.am,
14-11-2019 17:53