Փաշինյանը ԱՄՆ հայկական սփյուռքը համարում է տնտեսական կապերը զարգացնելու կարևոր ռեսուրս

14-11-2019 20:25

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատում է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի տնտեսական հարաբերությունները  նոր մակարդակի բարձրացնելու կարևորագույն գործոններից է նաև Միացյալ Նահանգներում շոշափելի տնտեսական գործունեություն իրականացնող հայկական սփյուռքը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  վարչապետը նման տեսակետ հայտնեց Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան միջոցառմանն իր ելույթում: «Հայ-ամերիկյան բիզնես կապերը, տնտեսական կապերը զարգացնելու համար մենք ունենք շատ կարևոր ռեսուրս: Միացյալ Նահանգներում մեր սփյուռքի մի հսկայական հատվածն է, որը տնտեսական էական,  շոշափելի գործունեություն է ծավալում: Եվ նաև սա է այն կարևորագույն գործոններից մեկը, որ պետք է նոր մակարդակի բարձրացնի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները »,- ասաց Փաշինյանը: Նա նշեց՝ կարող է վստահեցնել, որ թե Հայաստանի կառավարությունը, թե ԱՄՆ-ի կառավարությունը վճռական են այդ խնդիրը ձևակերպելու և լուծելու համար: Վարչապետն արձանագրեց, որ այս տարի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսություն են սկսել, որն արդեն որոշակի արդյունքներ է տալիս: «Վերջերս ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, որտեղ հստակ երևաց, որ ԱՄՆ-ն Հայաստանում իրականացվող ծրագրերի ծավալը էականորեն ավելացնում է: Սա շատ լավ լուր է մեզ համար, սա համարում ենք կարևոր նշան, որ մեր գործակցությունը թե քաղաքական, թե տնտեսական բնագավառում պետք է ընդլայնվի և կոնկրետ արտահայտություններ ունենա »,- ասաց Փաշինյանը:

Lragir.am,
14-11-2019 20:25