Նկարիչների միությունում բացվեց ՉԺՀ կազմավորման 70-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես

14-11-2019 21:04

Հայաստանի նկարիչների միությունում նոյեմբերի 14-ին բացվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյա տարեդարձին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 150 լուսանկար, որոնցում արտացոլված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատմությունը՝ ստեղծման օրից մինչ այսօր: Բացման  հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Հայաստանում Հանրապետությունում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը, պետական այրեր, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դիվանագետներ և այլ հյուրեր: Չինաստանի դեսպան Թիան Էրլունը նշեց, որ ֆոտո-ցուցահանդեսում ներկայացված է այն, թե ինչպես է աղքատ, հետամնաց, կիսաավատատիրական երկիրը 70 տարիների ընթացքում ոտքի կանգնում և դառնում բարգավաճած ու հզոր սոցիալիստական պետություն: « Դա խոսում է այն մասին, որ Չինաստանի տնտեսությունը արագ զարգացում է ապրել, էականորեն բարելավվել է բնակչության կյանքի որակը և կենսամակարդակը, միջազգային հարթակում աճել է երկրի հեղինակությունը: Կարծում եմ, որ այցելուները լուսանկարների միջոցով հետևություններ կանեն, որ Չինաստանը գտել է այն զարգացման ճիշտ ճանապարհը, որն առավելագույնն է համապատասխանում երկրի իրողություններին»,- ասաց Էրլունը: Դեսպանի կարծիքով` այցելուները նաև կհամոզվեն, որ ժամանակից Չինաստանը բաց է աշխարհի առաջ և պատրաստ է համագործակցել բոլոր պետությունների հետ` իր լուման ներդնելով համայն մարդկության խնդիրների լուծմանը: « Նշեմ, որ Չինաստանի հզորացումը բավականին լավ խթան է հանդիսանում հայ-չինական հարաբերությունների զարգացման համար: Բացի այդ, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»  չինական նախաձեռնությունը երկու երկրներին փոխշահավետ և արգասաբեր համագործակցության մեծ հնարավորություններ է տալիս»,- ընդգծեց Էրլունը: Ֆոտո-ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև նոյեմբերի 24-ը:

Lragir.am,
14-11-2019 21:04