Քանդակագործ Արթօ Չագմաքչյանի հիշատակին համերգ կկազմակերպվի

14-11-2019 21:47

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգ՝ նվիրված քանդակագործ Արթօ Չագմաքչյանի հիշատակին: Երեկոն կանցկացվի նոյեմբերի 19-ին, ժամը 20:00: Միջոցառման ընթացքում կհնչի «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը, բանաստեղծությունը՝ Կոմիտասի, երաժշտությունը՝ Վահան Արծրունու: Երեկոյին հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը (խմբավար՝ Կարինե Եզեկյան), Վահան Արծրունին (մեներգ,կիթառ), Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), Հովհաննես Պապիկյանը (հոբոյ), Մերուժան Տեր-Մինասյանը (գալարափող), Գրիգոր Առաքելյանը (հայկական վիոլա): Վերջերս կյանքից հեռացավ աշխարհահռչակ հայ քանդակագործ Արթօ Չագմաքչյանը՝ հայ ժամանակակից քանդակագործության հիմնադիրներից մեկը, ում ստեղծագործության մեջ համամարդկային աղետները, ցեղասպանությունները, մարդկային կյանքի դրամատիզմը, տառապանքն ու վիշտը կենտրոնական թեմաներն են եղել: Խաչվելով մեր ազգային, պատմական և հոգևոր կերպարային նշանաբանության հետ՝ Արթօյի արվեստում դրանք գտնում են կերպարային լուծումներ աբստրակտ ֆորմաների, քայլող մարդու, Նարեկացու և Կոմիտասի փոխակերպություններով: Վարդապետի թեման անցնում է կարմիր գծով Չաքմաքչյանի ամբողջ արվեստի միջով՝ դառնալով բանալի, որով բացում ենք հեղինակի ստեղծագործական որոնումների խորությունը, ապրումներն ու քանդակագործական պլաստիկայի յուրօրինակ դրսևորումների էությունը: Չաքմաքչյանի աշխատանքները ներկայացված են ամբողջ աշխարհում, գտել են վաղուց իրենց բարձր գնահատականը, իսկ կոմիտասյան թեման, քաղաքային սկուլպտուրայի ձևաչափով, ներկայացված է Միացյալ Նահանգներում և ո՜չ Հայաստանում՝ իր Հայրենիքում: Հիշատակի համերգը միջոց է մեր հարգանքի տուրքը մատուցելու Վարպետին՝ ներկայացնելով նրա կապը Կոմիտասյան թեմայի հետ՝ կերպարվեստի, բանաստեղծության և երաժշտության միջոցով: 2004 թվականին Արթօ Չագմաքչյանը ձևավորել է Վահան Արծրունու Կոմիտասի բանաստեղծություններով գրված «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը ներկայացնող ալբոմը: Հիշատակի համերգին հանրությանը կներկայացվեն Արթօյի կոմիտասյան շարքի գրաֆիկական աշխատանքները և երգաշարի համերգային կատարումը:

Lragir.am,
14-11-2019 21:47