ԱԺ-ն ընդունեց վարույթ իրականացնող մարմինների լիազորությունը հստակեցնող օրինագիծը

14-11-2019 22:04

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հստակեցվում են վարույթ իրականացնող մարմինների լիազորությունները: Նախագիծը նոյեմբերի 14-ի նիստում ընդունվեց միաձայն՝ 96 կողմ ձայնով: «Այս նախագծով առաջարկվում է հստակեցնել վարույթ իրականացնող մարմինների լիազորություններն ու հստակ կերպով ընդգծել նրանց գործառութային շրջանակը: Նախատեսվում է, որ դատախազն այլևս օրենսդրական լիազորություն չի ունենալու անձամբ իրականացնելու հարցաքննություն: Նման կարգավորում ներկայումս գոյություն ունի, բայց կրում է զուտ ձևական բնույթ, քանի որ գործնականում այսպես, թե այնպես դատախազը կարող է մասնակցել հարցաքննության գործընթացին, բայց հենց ինքը հարցաքննություն չի իրականացնում»,- հարցի քննարկման ժամանակ նշել էր Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը: Օրենքի նախագծով նախատեսված են նաև այլ կարգավորումներ:

Lragir.am,
14-11-2019 22:04