Վազգեն Մանուկյանը զգաց, որ ժամանակի զարկերակը չի բռնում, և հրաժարական տվեց

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը Տիկին Տիգրանյան, ինչպե՞ս եք գնահատում Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից Վազգեն Մանուկյանի հեռանալը: Իր հայտարարությա մեջ նա նշել է, որ նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն մեր երկիրը տանել զարգացման ուղղությամբ, բայց, ցավոք, նրանք գնացին այլ ուղղությամբ: Տեսակետ կա, որ ինքը նախ պետք է հաշվետվություն տա իր գործունեության համար, նոր հեռանա: Ես ուզում եմ նույն բառապաշարից օգտվել, ինչպես Վազգեն Մանուկյանն է նշել իր հրաժարականում: Այո, Վազգեն Մանուկյանն ուներ բացառիկ հնարավորություն անելու Հանրային խորհրդում սահմանադրական և օրենսդրական գործառույթները, լինել կառավարության խորհրդատու և ներկայացնել հասարակության կարծիքը: Այս ընթացքում, այո, շատ բեկումնային ժամանակաշրջան է, և շատ կարևոր են հանրային տրամադրությունները: Հանրային խորհուրդը հենց կոչված էր հանրային տրամադրությունները կամ ձևավորելու, կամ ընկալելու և փոխանցելու կառավարությանը, բայց ստացվում էր, որ մեր Հանրային խորհուրդը ղեկավարող անձը, ըստ էության, ինչ-որ ափսոսանքներ է հայտնում և կարծում է, որ կառավարությունը շեղվել է չգիտեմ որ ճշմարիտ ճանապարհից: Եթե ինքը գնահատում է, որ սա իր պատկերացրած քաղաքականությունը չէ, բնականաբար, ազատ է ցանկացած ժամանակ լքելու այդ պաշտոնը և չհամագործակցելու գործող իշխանությունների հետ, և ինքն օգտվել է այդ իրավունքից: Բայց նաև ինքը կորցրել է այն բացառիկ շանսը՝ ստեղծելու, կամ ձևավորելու, կամ հասնելու այն աստեղային ժամին, որի մասին ինքը հաճախ խոսել է: Մենք բոլոր ժամանակներում այդպես էլ չտեսանք, թե հայերի աստեղային ժամը երբ է գալու: Հույս ունեինք, որ իր ղեկավարած Հանրային  խորհուրդը համահունչ կլինի կառավարության գործելաոճին, այն մարտահրավերները, որ կան Հայաստանի առաջ, կփորձեին լուծել: Բայց, ըստ էության, ինքը արեց քաղաքական հայտարարություններ՝ ցույց տալով իր համերաշխությունը ոչ թե գործող իշխանությունների հետ, այլ պահելով նախկինների գիծը: Սա նշանակում է, որ ինչ-որ մի պահի ինքն զգաց, որ ժամանակի զարկերակը չի բռնում և հրաժարական տվեց: Եթե կուզեք ավելի անկեղծ ասեմ, ես այդ կառույցի նպատակահարմարությունն եմ դնում կասկածի տակ, բայց այնքանով, որքանով դա կար որպես սահմանադրական մարմին, բնականաբար այդ մարմինը պետք է ձևավորվեր, այդ կառույցը որևէ մեկը պետք է ղեկավարեր: Քանի որ նախկինում այդ կառույցը ղեկավարվում էր Վազգեն Մանուկյանի կողմից, իներցիոն ուժով նա վերանշանակվեց այդ պաշտոնում, բայց, ըստ էության, որևէ հանրային հնչեղության հարցի հետ կապված մենք չլսեցինք, թե ինչ կարծիք ունի Հանրային խորհուրդը, բացի նրանից, որ որոշ թեժ թեմաների հետ կապված ավելի կրքեր բորբոքեց և անցավ քաղաքականության թույլատրելի գիծը: Հանրային խորհուրդը Սահմանադրությամբ է ամրագրված: Ձեր թիմից շատերն են բարձրաձայնել, որ դա անիմաստ կառույց է, նպատակահարմար չէ այն ունենալը: Հետևաբար, անհրաժեշտություն կա՞ սահմանադրական փոփոխություններով վերացնել այդ կառույցը: Այս պահին, քանի որ Սահմանադրությամբ ամրագրված է նման կառույցը, բնականաբար, դրա ձևավորումը մեր կողմից անհրաժեշտություն է: Եթե մենք չձևավորենք այդ կառույցը, կստացվեր, որ մենք Սահմանադրություն ենք խախտում: Միաժամանակ, իշխանությունը հռչակել է սահմանադրական փոփոխությունների մասին, ինչը նշանակում է, որ քարտեզագրված բոլոր խնդիրները նորից կբարձրացվեն սահմանադրական հանձնաժողովի առջև և դրանց լուծումը կտրվի: Իմ անձնական կարծիքն այն է, որ Հանրային խորհուրդ չպետք է լինի: Դեռևս նախկին իշխանությունների ժամանակ, երբ ես ՀԿ ոլորտում էի, բարձրաձայնել ենք, որ թեև այդ կառույցը Հանրային խորհուրդ է կոչվում, բայց գործունեության ոչ մի հրապարակայնություն չունի: Եթե նայենք Հանրային խորհրդի գործունեությանը, նիստերի դռնբացության հարցն է կասկածի տակ դրված, որոշումների հրապարակայնությունը պարտադիր պահանջ չէ, ամեն ինչ թողնված է հայեցողության, հետևաբար, Հանրային խորհուրդը, որը հանրության կարիքն արտահայտող մարմին է, իր գործելաոճում ոչ թափանցիկ է, ոչ բաց: Ընդհանրապես, ավելորդություն եմ համարում մեր բյուջեի պայմաններում, երբ իշխանությունն անընդհատ գնում է խնայողությունների և ավելի օպտիմալ ծախսերի, ընդհանրապես ամեն մի նոր կառույց ստեղծելուց առաջ պետք է տեսնել, թե ինչ հավելյալ արժեք է ստեղծել մեզ համար և արժե՞ այն ծախսը, որ այն պահելու համար կատարում ենք: Ինձ համար այդ կառույցը որևէ էական արժեք չի ներկայացնում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
14-11-2019 22:01