Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

14-11-2019 22:28

Հանրահայտ դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Բունիաթիշվիլին կներկայացնի դաշնամուրային երկացանկի ամենագեղեցիկ ու բարդագույն ստեղծագործություններից մեկը՝ Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը: Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Խատիա Բունիաթիշվիլու յուրաքանչյուր բեմել մեծ իրադարձություն է ամենահեղինակավոր բեմահարթակների համար: Նա հանդես է եկել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում ինչպիսիք են՝  Նյու Յորքի Carnegie Hall, Լոս Անջելեսի Walt Disney Concert Hall, Լոնդոնի  Royal Festival Hall, Վիեննայի Musikverein և Konzerthaus, Ամստերդամի Concertgebouw, Միլանի La Scala, Ժնևի Victoria Hall և այլ բեմահարթակները: «Խատիա Բունիաթիշվիլի. հսկայական տեմպերամենտ ու վարպետություն, որը հիշեցնում է երիտասարդ Մարթա Արգերիխին»,- գրել է Classical FM-ը: «Երաժիշտ, որի կատարումը բխում է անմիջապես սրտից»,-նշել է The Guardian-ը: Բունիաթիշվիլու հայաստանյան ելույթը կազմակերպել են ՀԱՖՆ-ը և «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիան: Տեսանյութում Բունիաթիշվիլին նվագում է Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պար»-ը (Victoria Hall, Ժնև, Շվեյցարիա):

Lragir.am,
14-11-2019 22:28