Նիկոլ Փաշինյանի սուր մարտահրավերը. ով կլինի առաջինը

Խորհրդարանում հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով Մել ֆիլմի ֆինանսավորման հարցին, հայտարարելով, որ հայրենակից Մել Դալուզյանը անձամբ իր պաշտպանության ներքո է, Նիկոլ Փաշինյանը քաղաքական իմաստով գործնականում իր անվերապահ պաշտպանությունը հայտնեց այդ հարցի առնչությամբ սուր քննադատության ու հրաժարականի պահանջի տակ հայտնված ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին: Փաշինյանն այդպիսով մարտահրավեր նետեց Հարությունյանի հրաժարականը պահանջող շրջանակներին, որոնք ներկայանում են ՀՅԴ երիտթեւով կամ ուսանողական շարժմամբ, սակայն թերեւս առանց ավելորդ քողարկման գտնվում են նախկին իշխող համակարգի քաղաքական դիրքերում: Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարեց, որ եթե հրաժարական են պահանջում, ապա պետք է պահանջեն իրենը: Կվերցնե՞ն ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուժերը նետված ձեռնոցն ու կանցնե՞ն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Բանն այն է, որ վարչապետի հստակ, միարժեք դիրքորոշումից հետո ուղղակի անտրամաբանական է պահանջել նախարարի, ոչ թե վարչապետի հրաժարական: Անգամ դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանն է նշում, որ անիմաստ է պահանջել նախարարի հրաժարականը: Ստեփանյանն ի դեպ նշել է նաեւ, որ ներկայում իշխանությունն ունի հազիվ 25-30 տոկոս վարկանիշ: Համաձա՞յն են նրա հետ քաղաքական այն շրջանակները, որոնք իշխանության դեմ սուր պայքարի դիրքում են եւ պահանջում են նախարարի հրաժարականը: Թե՞ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բավական բարձր է նրա հրաժարականը պահանջելու համար, եւ այդ դեպքում կստացվի պարզապես ֆալստարտ, ընդ որում բավական անհաջող: Իսկ վարչապետը կսրի՞, կուժգնացնի՞ իր հրաժարականի պահանջի մարտահրավերը, եթե նախարարի հրաժարական պահանջողները շարունակեն մնալ իրենց մարտավարական դիրքում եւ հրաժարվեն վարչապետի հարցը դնելուց:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
14-11-2019 23:02