Հայաստանը ընդլայնո՞ւմ է իր առաքելությունը Սիրիայում

Հայ-թուրքական հարաբերության հեռանկարի մասին խոսելիս պետք է նկատի առնել, թե ինչպիսին է միջավայրը, նախօրեին խորհրդարանում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցի, թե արդյոք Ռուսաստանն արել է կարգավորման գործընթացի որեւէ առաջարկ: Նիկոլ Փաշինյանը բերել էր Սեւանում լողալու օրինակը, ասելով, թե՝ երբ առաջարկը լինի ամռանը՝ մի բան է, մեկ այլ բան, երբ լողալ առաջարկեն փետրվարին: Հասկանալի է, որ վարչապետը հայ-թուրքական կարգավորման գործընթացի հեռանկարի տեսանկյունից «եղանակը» գնահատում է ձմեռային, այսինքն «լողալը»՝ անհեռանկար ու նույնիսկ վտանգավոր: Այդուհանդերձ հստակ չէ՝ իսկ լողալու առաջարկ եղե՞լ է, Ռուսաստանը արե՞լ է առաջարկ եւ Հայաստանը մերժե՞լ է, պատճառաբանելով, որ ներկայում լողալու եղանակ չէ: Հարցը արդիականացավ Հայաստան ՌԴ արտգործնախարար Լավրովի այցի համատեքստում: Նա խոսել էր հայ-թուրքական հարաբերության մասին, ասելով, որ Ռուսաստանն աջակցել է ֆուտբոլային դիվանագիտության հայտնի գործընթացին, միեւնույն ժամանակ զգուշացնելով, որ առանց Արցախի հարցում փոփոխության գործընթացը հաջողություն չի ունենա: Ինտրիգն այստեղ թերեւս այն է, որ խոսակցությունը տեղի է ունենում ռեգիոնալ լայն զարգացումների դինամիկ փուլի ֆոնին, երբ Թուրքիան հայտնվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ արանքում: Իսկ «էպիկենտրոնը» Սիրիայի հյուսիսում տեղի ունեցողն է, որ թեժ փուլ մտավ Թուրքիայի ներխուժումից, հետո ԱՄՆ-ի ու Մոսկվայի հետ պայմանավորվածություններից հետո: Անկարան առ այսօր շարունակում է քննարկումները Վաշինգտոնի եւ Մոսկվայի հետ: Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ քննարկումներից հետո Սիրիայի իրավիճակը քննարկելու է նաեւ Պուտինի հետ: Այդ համատեքստում հայկական դերը նկատելի է: Մի կողմից, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց հայերի ցեղասպանությունն ու այդ աննախադեպ որոշումով հայկական հարցը դրեց նոր նշաձողի, նոր հարթության վրա: Մյուս կողմից, Էրդողանի վաշինգտոնյան այցով կարծես թե կանխվեց Սենատում էլ համանման բանաձեւի առաջխաղացումը: Ինչ գնով է Անկարան հասել դրան, պարզ չէ: Մինչ այդ, ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանի դիմումով Էրդողանի հետ հանդիպմանը բարձրացրել էր Սիրիայի հյուսիսի Ղամիշլի քաղաքում հայկական համայնքի անվտանգության հարցը: Լավրովի Հայաստան այցից առաջ Ղամիշլիում սպանվեց հայ երկու կաթոլիկ հոգեւորական: Հայաստանը բավական թափանցիկ ակնարկով պատասխանատվությունը դրեց Թուրքիայի վրա: Թուրքիայի արտգործնախարարությունը նոյեմբերի 14-ին հայտարարեց, թե սպանությունը տեղի է ունեցել քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ու՞մ էր ուղղված ակնարկը՝ ամերիկացիների՞ն, թե՞ ռուսներին: Թե՞ ակնարկ էր, որ Սիրիայում հայ հոգեւորականներին սպանել է մի երրորդ ձեռք, որի նպատակն է եղել խնդիր ստեղծել ամերիկա-թուրքական կամ ռուս-թուրքական պայմանավորվածությունների տիրույթում: Նախօրեին Մոսկվայում տեղի էր ունեցել ՌԴ նախագահի Մերձավոր Արեւելքի հարցերի ներկայացուցչի եւ Հայաստանի դեսպանի հանդիպումը, որտեղ քննարկվել են Սիրիայի հետ կապված հրատապ հարցեր: Միաժամանակ, Հայաստանի արտգործնախարարը նշել էր, որ Երեւանը շարունակում է մարդասիրական առաքելությունը Սիրիայում՝ որ իրականացնում է ՌԴ լոգիստիկ աջակցությամբ, եւ պատրաստվում է անել այդ առաքելությունն այլ բնակավայրեր հասցնելու քայլեր: Արդյոք դա նշանակում է, որ Երեւանը կարող է հայկական առաքելությունն ընդլայնել Ղամիշլիում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
15-11-2019 08:39