Պատերազմի չլսված երգերը

15-11-2019 18:25

Այս պատմությունները ստեղծվել են «Երիտասարդների դերը խաղաղարարության մեջ․ վերաիմաստավորելով խաղաղությունը սերունդների միջև երկխոսության միջոցով» ծրագրին մասնակցած երիտասարդների կողմից, ովքեր շրջել են Ղարաբաղի տարբեր բնակավայրերում և զրուցել պատերազմը վերապրած մարդկանց հետ: Պատմությունները նրանց լսածի և սեփական փորձի համադրության արդյունքն են:   Ես պատերազմը չեմ տեսել: Պատերազմից մեր տանը մնացել են հորս ուսադիրները, որոնք մինչև հիմա կրում է աշխատանքի գնալիս․ հայրս զինվորական է: Կռվի, բանակի, կարգ ու կանոնի, հայրենիքի ու հայրենասիրության մասին ես լսել եմ զինվորականի պատմածով, իսկ դա ճշմարտության մի երեսն է միայն: Ես պատերազմը զգացել եմ: Լսել եմ հորս արագ ոտնաձայները, երբ 2016 թվականի ապրիլին շտապում էր աշխատանքի: Տեսել եմ մորս ու տատիս տագնապած հայացքը: Տեսել եմ Ստեփանակերտ եկած մարդկանց հոծ բազմությունը, սակայն անկարող եմ եղել հասկանալ ճշմարտությունը: Ես 19 տարեկան եմ: Ես ծնվեցի այն ժամանակ, երբ հարյուրավոր հայրեր արդեն հանգչում էին՝ այդպես էլ իրենց զավակներին չտեսած: Իմ ծնված ժամանակը «խաղաղության» ժամանակ էր, սակայն ես խաղաղությունը ո՛չ տեսել եմ, ո՛չ էլ զգացել: Ես չգիտեմ՝ կորուստն ինչ է․ չեմ զգացել: Իմ ծնվելուց հետո մայրս վախվորած օրորոցայիններ չի երգել: Ես օրորոցայիններն էլ չեմ հիշում, որովհետև նորածինները հնչյունները զգում են հիշելու փոխարեն: Մորս երբեք չեմ հարցրել, բայց երևի ինձ քնեցնելիս «սարի աղջիկն» է երգել․ այդ երգը լսելիս մանկական հարազատություն եմ զգում: Ես պատերազմն ու իր գաղտնիքները երգերով եմ բացահայտել, որովհետև երգը պատմություն է: Երևի յուրաքանչյուր մարդ իրեն բնորոշ երգ ունի: Ոմանց երգերը իրենց կյանքի նման կիսատ են ու անավարտ: Ոմանք էլ ստիպված են եղել փոխել իրենց երգերը, որովհետև շատ երգեր մնացել են պատերազմից անդին: Շատերի երգերն էլ չեն հնչել, որովհետև մեղեդիների հասցեատերերը այդպես էլ լույս աշխարհ չեն եկել: Ես երգ չունեմ․ դեռ չեմ բացահայտել: Իմ երգը երևի ճշմարտության ու ինքնաճանաչողության ճանապարհին եմ բացահայտելու՝ ուրիշների կյանքի պատմություններն ու երգերը լսելիս: Այդ ճանապարհին լսածս առաջին պատմությունը Կոմիտասի «Կռունկին» էր նման: Յուրա պապը ժպտերես մարդ է: Նրան տեսա գյուղում՝ թթենու տակ նստած: Չնայած հաճախ էր ժպտում, բայց պատերազմի մասին երբևէ լսածս ամենատխուր պատմությունը պատմեց ինձ: Յուրա պապի երգը սկսվել է մինչև պատերազմը: Պատմում է, որ բանակում ծառայության ժամանակ զորամասի մոտ կռունկներ էր տեսնում ու հիշելով հայտնի երգը՝ մտածում էր, թե տանից լուր պիտի ստանա: Ծառայության վեցերորդ ամսում իմացավ, որ հայրը մահացել է: Ամիսներ անց մահացավ նաև մայրը: Կորուստների շղթան, սակայն, այսքանով չի ավարտվել: Յուրա պապը պատերազմը թե՛ տեսել է, թե՛ զգացել, թե՛ վերապրել: Նրա ավագ թոռնուհին հոր երգը չի լսել, նրան պատից կախված ու արդեն մաշված սև-սպիտակ լուսանկարներով է ճանաչում: Յուրա պապը պատերազմի ժամանակ կորցրել է երկու որդիներին: Կինն էլ, չդիմանալով կորստի ցավին, միացել է զավակներին: Պատերազմը նրանից խլել է ամեն ինչ՝ կյանքը, ապագան, երջանկության հնչյուններն ու առողջությունը: Միակ բանը, որ խլել չի հաջողվել, կամքն է: Յուրա պապի կյանքը համբերությունը ստուգելու փորձառություն է: Պատմում է, որ հաճախ ուզում էր տեսնել՝ կկարողանա համբերել, ուզում էր սեփական կամքը փորձել: Փորձեց, դիմացավ, հաղթահարեց: Ու այսքանից հետո Յուրա պապը ինձ դաս է տալիս․ «Ամենազորեղ զենքը համբերությունն է, անգամ եթե անհնար է, պետք է ելքեր փնտրել»: Փորձում եմ մարսել Յուրա պապի խրատները, մեկ էլ ձայն ենք լսում: -Հե՜ Յուրա, կյամ չը՞ս: -Համլետն է,- ծիծաղելով ասում է Յուրա պապը,- կանչում է շախմատ խաղալու: Միասին դուրս ենք գալիս: Բոլորը հավաքվել են թթենու տակ, սպասում են Յուրա պապին: Նա նստում է շախմատ խաղալու, իսկ ես շարունակում եմ ճանապարհս: Իջնում եմ գյուղով, մտքումս երգում «Կռունկը» ու մտածում, որ Յուրա պապի ապրած կյանքն ու պատերազմը շախմատի պես են, բայց թե ով ում է հաղթել, դեռ պարզ չէ: Մտորումների մեջ սուզված՝ չեմ հասկանում ինչպես եմ անցնում մի քանի փողոց: Ինձ նորից վերագտնում եմ, երբ ականջիս հասնում են «Սարի աղջկա» մեղմ հնչյունները: Մի կին, տան բակում նստած, հետևում է ճուտիկների խաղին ու քթի տակ մրմնջում․ «վարդ սիրեցի, փուշ դառավ․․․»: Երգից ջերմանում եմ ու միանգամից մտածում, որ սա էլ այդ կնոջ պատմության երգն է: Սիրանույշն է: Ամբողջ կյանքը անց է կացրել գյուղում: Նախքան պատերազմը շատ է երգել, ելույթներ ունեցել: Անգամ երազել է երգչուհի դառնալ, սակայն պատերազմը խլել է իր մեծ երազանքը: Սիրանույշը նաև ադրբեջաներեն է երգել: Սիրում էր այդ երաժշտությունը: Սակայն պատերազմը փոխել է նրա երգը: Հիմա միայն քթի տակ է երգում ու միայն հայերեն, որովհետև ադրբեջաներեն երգել «չի կարելի»․ հույզերը թույլ չեն տալիս: Սիրանույշը դեռ չի մոռացել պատերազմի վերքերը, որոնք ցավեցնում են մարմինն ու հոգին: Երևի դրա համար էլ հազվադեպ է ժպտում ու հաճախ լռում: Բառերը դժվարությամբ է բաշխում: Հնչեցրած հատուկենտ բառերը ինձ ավելի ու ավելի են հիշեցնում «Սարի աղջիկը», որտեղ հենց ինքն է «նետը կրծքին՝ եղնիկը»: Վերքերն ավելի չթարմացնելու նպատակով թողնում եմ Սիրանույշին ու շարունակում մտածել երգերի մասին: Փորձում եմ հասկանալ ու գտնել իմ երգը: Ես պատերազմը չեմ տեսել, բայց «Կռունկն» ու «Սարի աղջիկը» ինձ էլ են հարազատ: Ես պատերազմի մասին ողջ ճշմարտությունը չգիտեմ, բայց մեր զգացմունքները համընկնում են: Իմ ճշմարտությունը նրանց պատմություններն են: Ու հասկանում եմ, որ իմ երգը գտնելը դեռ վաղ է: Ես դեռ պիտի ճշմարտության իմ պատկերացումները հարստացնեմ ու լսեմ այլոց կյանքի մեղեդիները․․․ ՀԵԼԵՆ ԱՍՐՅԱՆ Պատմությունները ստեղծվել են «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Պատմությունների բովանդակության համար պատասխանատու են հեղինակները: Բովանդակությունը կարող է չհամընկնել Եվրոպական միության և ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՀՀ-Հայաստանի, ԵՀՀ-Ադրբեջանի, «Ինթերնեյշնլ ալերթ»-ի և ՀՌԿԿ-Վրաստանի տեսակետների հետ:

Lragir.am,
15-11-2019 18:25