Հոբելյանը նշանավորվեց գործակցության չորս հուշագրերի ստորագրմամբ

16-11-2019 18:22

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքը նոյեմբերի 11-ին նշանավորվել է գործակցության 4 հուշագրերի ստորագրմամբ: Հուշագրեր են ստորագրվել ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, Երեւանի կենդանաբանական այգու եւ Անասնաբույժների ազգային ասոցիացիայի հետ: Հուշագրերով նախատեսվում է իրականացնել գիտելիքների ու առաջատար փորձի փոխանակում մասնագիտական ոլորտներում, մասնավորապես՝ ընտանի եւ վայրի կենդանիների հաշվառման, բուժման, զոոնոզ հիվանդությունների տարածման կանխարգելման, գործընկեր կազմակերպություններում ՀԱԱՀ-ի ուսանողների փորձուսուցումների կազմակերպման եւ այլ ուղղություններով: ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանն արժեւորել է 1928թ.-ին որպես Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտ, հետագայում երկար տարիներ որպես Երեւանի անասնաբուծական եւ անասնաբուժական ինստիտուտ, որից հետո որպես ֆակուլտետ գործող կառույցի անցած պատմական ուղին եւ բոլոր տարիների երախտավորների ներդրումը: Շեշտելով, որ անասնաբուժության եւ անասնաբուծության ոլորտների զարգացման՝ 21-րդ դարի մարտահրավերը պարզապես նոր տեխնոլոգիաներին տիրապետելու մարտահրավեր է, Ուռուտյանը  նշել է, որ ֆակուլտետում դասավանդվող մասնագիտությունների առարկայական ծրագրերի հիմնարար փոփոխությունից հետո հաջորդ քայլը արդիական լաբորատոր եւ արտադրական ենթակառույցների ստեղծումն է: ՀԱԱՀ-ի մասնագետների ներկայացրած ներդրումային ծրագիրը հաղթող է ճանաչվել Համաշխարհային բանկի կողմից եւ շուտով կստանա 155 մլն դրամի ֆինանսավորում՝ համալսարանի անասնաբուժական կլինիկան վերջին տեխնոլոգիաներով վերազինելու, ինչպես նաեւ արդիական սիմուլյացիոն կենտրոն հիմնելու նպատակով: Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արեւիկ Աբովյանը ներկայացրել է ֆակուլտետի անցած ուղին եւ զարգացման խոստումնալից հեռանկարները: Հոբելյանի առթիվ ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ԿԵ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ֆակուլտետի երախտավոր պրոֆեսոր Վիկտոր Աբրահամյանը, դասախոս Սոնա Ծառուկյանը եւ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը: Ելույթ ունեցողներից յուրաքանչյուրը յուրովի են արժեւորել ֆակուլտետի եզակի դերակատարությունն իրենց անձնական մասնագիտական կարիերայում եւ երկրի գյուղատնտեսության եւ ամբողջ տնտեսության մեջ: Ագրարայինցիներն ու Ագրարայինի բարեկամները հոբելյանի տոնակատարությունն ամբողջացրեցին համալսարանի արտադրության անուշահամ գինով: ՀԱԱՀ-ի Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Lragir.am,
16-11-2019 18:22