Այն պնդումը, որ մենք դեմ ենք աշխատավարձերի բարձրացմանը, մեղմ ասած, սուտ է

Մեր զրուցակիցն է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Պարոն Մարուքյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձել է ԼՀԿ-ին՝ ասելով՝ Լուսավո՛ր Հայաստան, կանգնեք ուղիղ ասեք, որ դեմ եք թոշակների, աշխատավարձերի բարձրացմանը: Ինչպե՞ս եք արձագանքում: Վարչապետը հերթական անգամ կիրառել է իր մանիպուլյացիա անելու արվեստը, որը, բոլորս գիտենք, նրա մոտ ամենալավն է ստացվում: Այդ դաշտում նրան հավասարը չկա: Լուսավոր Հայաստանն, այո, քննադատել է կառավարության անդամների աշխատավարձերի գաղտնի կրկնապատկումը, որն, ի դեպ, ապօրինի էր: Ինչ վերաբերում է ֆիսկալ բառը չհասկանալուն և դրա պատճառով ԱԺ ամբիոնից մեզ հետ կապված սուտ տարածելուն, ապա դա ծայրահեղ անընդունելի է, քանի որ Լուսավոր Հայաստանը երբեք դեմ չի խոսել աշխատավարձերի բարձրացմանը: Այն պնդումը, որ մենք դեմ ենք աշխատավարձերի բարձրացմանը, մեղմ ասած, սուտ է: Պարոն Մարուքյան, Փաշինյանը կետ առ կետ նշեց, թե ինչով է 2020-ի բյուջեն հեղափոխական: Համոզի՞չ չէր արդյոք Ձեզ համար: Մենք կետ առ կետ ներկայացրել ենք այն խնդիրները, որ այս բյուջեն ունի և որ այն բյուջեի մասին օրենքի կոպիտ խախտումներով է ներկայացվել: Եթե արձանագրում եք, որ բյուջեի մասին օրենքի կոպիտ խախտումներով է ներկայացվել, ընդունման դեպքում ինչ եք անելու, ի՞նչ քայլերի եք դիմելու: Որ ասեմ դատախազություն ենք դիմելու, կհավատա՞ք: Արձանագրում եք խախտում… Առաջարկներ ենք տվել, որ ուղղեն, չեն ուղղի, դեմ կքվեարկենք: Փաշինյանը նաև նշեց, որ 2018 թվականին՝ հեղափոխության շրջանում, երբ դեռ վարչապետ չէր, հայտարարել է հրապարակային, որ մեկ-երկու տարվա ընթացքում ՀՀ բյուջեն պետք է ավելանա 30-35 տոկոսով: Սա եղել է հեղափոխության խոստումներից մեկը: Խոստումը կատարվել է: Այս մասով դրական չէ՞ դինամիկան: Ելույթներով դրան էլ են անդրադարձել թե Մանե Թանդիլյանը, թե մեր մյուս պատգամավորները: Պարոն Մարուքյան, երիտասարդ դաշնակցականներն են դիմել ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին նախարարի հրաժարականի պահանջով: Ինչպե՞ս եք արձագանքում, ընդհանրապես հնարավոր համարո՞ւմ եք միանալ նրանց պահանջին: Նամակը կստանանք կքննարկենք:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
16-11-2019 19:32