Ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռների դիերը

16-11-2019 21:52

Կոտայքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը: Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից: Աղբյուրի տեղեկություններով, մահացած բոլոր երեխաները Ժ. Սիմոնյանի թոռնիկներն էին: Մահացածներից երկուսը հայտնաբերվել են լոգարանում, 3-ը՝ ննջարանում: Երեխաների հայրն ու մայրն էլ բնակվում են Ուկրաինայում, սակայն ամուսնալուծված են, իսկ երեխաների խնամքը միշտ հոգացել է տատիկը եւ Հայաստանում գտնվող հորեղբայրը:

Lragir.am,
16-11-2019 21:52