2020 թվականի պետական բյուջեի քննարկմանը եզրափակիչ ելույթի ընթացքում վարչապետ Փաշինյանը բավական կոշտ արձագանքեց մինչ այդ բյուջեի վերաբերյալ Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչների քննադատությանը, նրանց փաստացի մեղադրելով աշխատավարձերի, թոշակների բարձրացում չկամենալու համար: «Միանգամից ուղիղ ասեք՝ մի բարձրացրեք աշխատավարձերը, մի բարձրացրեք թոշակները, թե չէ գիտահետազոտական, միտահետազոտական», հայտարարեց Փաշինյանը: Բյուջետային քննարկման այդ դրվագը տեղի էր ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող մեկ այլ դրվագի՝ Վազգեն Մանուկյանի Վերնատուն ակումբի «շնորհանդեսի» ֆոնին, որում միավորվել է Փաշինյանի հանդեպ կոշտ ընդդիմության դիրքում կանգնած իշխող նախկին ամբողջ համակարգն իր տարբեր խմբերով: Քաղաքական իմաստով առկա է բավական հետաքրքիր իրավիճակ: Վերնատունը գործնականում փակում է Հայաստանի իշխանության հանդեպ որեւէ ընդդիմադիր դիրքավորման ճանապարհ: Դա առնվազն մի նպատակ է, որն ունեն այնտեղ հավաքված խմբերը: Հետո նրանք իհարկե կարող են անցնել արդեն միմյանց ճանապարհ փակելու փուլին, դա գալու է անկասկած: Բայց առայժմ փակում են այլ ընդդիմությունների ճանապարհները: Ահա այդ ֆոնին Նիկոլ Փաշինյանի կոշտ քննադատությունը ԼՀԿ-ին ստանում է գործնականում կողմնորոշման վերջնագրի բնույթ: Մյուս կողմից, ի՞նչ անի Լուսավոր Հայաստանը: Պահն իսկապես բաց է թողնվել: ԼՀԿ-ն չհասկացավ Սերժ Սարգսյանի հուշումը՝ 2018 թվականի ապրիլի 17-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր վարչապետի պաշտոնում նրա թեկնածությունը: Գնացեք եւ ձեր ընկերոջը փողոցից բերեք դահլիճ, հայտարարեց Սերժ Սարգսյանը, դիմելով իրեն «սուր հարցեր» տվող ԵԼՔ դաշինքի ԼՀԿ ու Հանրապետություն կուսակցության պատգամավորներին: Այլ կերպ ասած՝ եթե Նիկոլ Փաշինյանն այստեղ չէ, ձեր այստեղ լինելն անիմաստ է, ակնարկեց Սերժ Սարգսյանը: Բայց նրան չհավատացին մինչեւ վերջ: Ի՞նչ եք անում այստեղ, այժմ էլ փաստացի նրանց ասում է Նիկոլ Փաշինյանը, թերեւս ակնարկելով, որ Լուսավոր Հայաստանի շանսը գուցե Վերնատուն գնալն է: Եվ իհարկե ոչ միայն ԼՀԿ շանսը, այլ նաեւ Բարգավաճ Հայաստանի: Վերնատունը փակում է նրանց ճանապարհը, որովհետեւ առաջացնում է ոչ թե այլ՝ հանրայնորեն ավելի ընդունելի ընդդիմության օրակարգ կամ անհրաժեշտություն, այլ ընդհանրապես յուրացնում է ընդդիմության պահանջարկը, եւ մյուս կողմից առաջացնում վերջնական հակակրանք ընդդիմություն հասկացության նկատմամբ: Դա չափազանց բարդ իրավիճակ է խորհրդարանական, կամ որեւէ այլ ընդդիմության համար, որովհետեւ պահանջում է կամ հանրությանը առաջարկել բոլորովին այլ, բայց առարկայական օրակարգ եւ գործընթաց, որը վեր պետք է լինի Վերնատնից, իսկ դա նշանակում է թիրախում չլինի իշխանությունը, կամ գնալ Վերնատուն ու հաղթել մրցակցին նրա դաշտում: