Դուք պետք է ինձ խնդրեք. Լուկաշենկոն կառաջարկի իր թեկնածությունը 2020-ի նախագահական ընտրություններում

17-11-2019 19:37

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է 2020-ին երկրի ղեկավարի առաջիկա ընտրություններում թեկնածությունը դնելու մտադրությունը:Նա այդ մասին պատմել է՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԲԵԼՏԱ-ն: Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ չի կառչում այդ պաշտոնից, սակայն իր համար պարտադիր է համարում առաջարկել թեկնածությունը, իսկ մարդիկ կկատարեն իրենց ընտրությունը: Երկրի ղեկավարը նշել է, որ բազմիցս պատասխանել է առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության վերաբերյալ հարցերին: «Եթե մարդիկ ինձ չաջակցեն որևէ ընտրությանը, ես դրանից չեմ նեղանա»,- նկատել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ արդեն շատ տարիներ է աշխատել: – «Այդ դուք մտածեք, առաջադրվեմ այդ ընտրություններին, թե՝ ոչ»: Նրա խոսքով՝ եթե քաղաքացիները գնահատում են կայունությունը, հանգստությունը, պետության վստահ զարգացումը, դրա ինքնիշխանությունը, այսինքն՝ այն քաղաքականությունը, որը վարվում է ներկայիս նախագահի կողմից, ապա հենց նրանք պետք է նախաձեռնեն նրա առաջադրումը: «Այո, մենք հարուստ չենք: Ոչ այն պատճառով, որ Լուկաշենկոն վատն է: Որովհետև մենք երբեմն վատ ենք աշխատում և չունենք այն, ինչը կա Ռուսաստանում և այլ երկրներում (նկատի ունի բնական էներգառեսուրսների պաշարները – Ծանոթ. ԲԵԼՏԱ): Մենք մեր հարստությունը կոշտուկով ենք, ինչպես ասում է մեր ժողովուրդը, ստեղծում, սեփական ձեռքերով: Դա հասկանալով՝ դուք պետք է ինձ խնդրեք»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն և շեշտել. «Ես իմ թեկնածությունը կառաջարկեմ այս ընտրություններում»: Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների ժամկետներինն, ըստ օրենքի, դրանք պետք է անցկացվեն 2020-ի օգոստոսից ոչ ուշ:

Lragir.am,
17-11-2019 19:37