Հոնգ Կոնգի դատարանը հակասահմանադրական է ճանաչել ցույցերի ժամանակ դիմակներ կրելու արգելքը

18-11-2019 11:38

Հոնգ Կոնգի Գերագույն դատարանը նոյեմբերի 18-ին Սահմանադրությանը հակասող է ճանաչել հանրահավաքների ժամանակ դիմակներ կրելու արգելքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է South China Morning Post թերթը: Ավելի վաղ մի խումբ դեմոկրատներ բողոքարկել էին արտակարգ դրության դեպքում ձեռնարկվող միջոցների մասին հատուկ օրենքը: Այն Հոնգ Կոնգի վարչակազմին օժտում է իր հայեցողությամբ ցանկացած միջոց ձեռնարկելու լիազորություններով արտակարգ իրավիճակների ծագման դեպքում, որոնք սպառնալիք են ներկայացնում հասարակության համար: Այդ օրենքի շրջանակում էլ հենց դիմակներ կրելու արգելք էր սահմանվել: Դատարանը վճռել է, որ արտակարգ դրության դեպքում միջոցառումների մասին օրենքն «անհամատեղելի է» Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանի Հիմնական օրենքի (Սահմանադրության) հետ: Հոնգ Կոնգի իշխանությունները դիմակներ կրելու արգելք էին սահմանել հոկտեմբերի 4-ի ցույցերի ու հանրային միջոցառումների ժամանակ: Նորամուծությունը կոչված էր զսպելու հանրային անկարգությունները մեգապոլիսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Lragir.am,
18-11-2019 11:38