Պատգամավորները կընտրեն կոռուպցիայի դեմ պայքարողներին

18-11-2019 17:07

Ազգային ժողովի պատգամավորները վաղը փակ գաղտնի քվեարկությամբ կընտրեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հինգ անդամներին: Անդամներից երեքի թեկնածությունն առաջադրել են ԱԺ խմբակցությունները, մյուս երկուսին՝ Կառավարությունն ու ԲԴԽ-ն: Այս հանձնաժողովը գալիս է փոխարինելու Բարձրաստիճան պաշտոնատար անձաց էթիկայի հանձնաժողովին, բայց ունի ավելի լայն լիազորություններ, քան այդ հանձնաժողովը: Հանձնաժողովը քաղաքականապես անկախ է լինելու և առաջնորդվելու է միայն օրենքով: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անդրադառանալու է 2012 թվականից բոլոր դեպքերին: «Ինքը դառնում է իրավահաջորդը, և 2012 թվականից սկսած բոլոր գործերը նրա իրավասության ներքո են լինելու: Բոլոր այն դեպքերում, երբ կլինեն կասկածներ նրանց արարքներում հանցագործության հատկանիշների մասին, այդ գործերը կգնան իրավապահներին՝ Դատախազությանը»,- ասաց Տիգրանյանը: Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում նախատեսվում է 2020-21 թվականներին ձևավորել Հակակոռուպցիոն կոմիտեն, որն իր մեջ ներառելու է իրավապահ մարմինների քննչական գործառույթները: Այդ դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանցագործության հատկանիշներ պարունակող գործերը կուղարկի Հակակոռուպցիոն կոմիտեին: Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ այդ դեպքում արդեն պատասխանատվությունն ավելի կոնկրետ կլինի, քանի որ գործերը չեն բաշխվի տարբեր իրավապահ մարմինների միջև: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից կպահանջենք հակակոռուպցիոն կրթություն և կանխարգելում, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեից կպահանջենք հետաքննություններ ու բացահայտումներ»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը:

Lragir.am,
18-11-2019 17:07