Կայացավ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կազմակերպած «Հայաստանը և վերափոխվող Մերձավոր Արևելքը» թեմայով գիտաժողովը

18-11-2019 17:24

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում նոյեմբերի 18-ին կայացավ «Հայաստանը և վերափոխվող Մերձավոր Արևելքը» թեմայով գիտաժողով՝ նվիրված ժամանակակից Մերձավոր Արևելքում տեղի ունեցող փոփոխությունների քննարկմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահա Դեսուկին և այլոք: Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ հայ և եգիպտացի գիտնականների միջև առկա են շատ խորը կապեր, և համագործակցությունը հասել է բարձր մակարդակի: «Պատահական չէ, որ մեր բարեկամական երկրի ներկայացուցիչներն այս դահլիճում են և միասին փորձում են վերլուծել, հասկանալ այն բարդ գործընթացները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում: Սա նշանակում է, որ մենք ունենք գիտական և բարեկամական շատ խոր կապեր եգիպտացի գիտնականների հետ»,- ասաց Սաֆրաստյանը: ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի կարծիքով` Հայաստանի համար չափազանց կարևոր է հաշվի առնել այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում: «Մերձավոր Արևելքի երկրներում ունենք բավականին զգալի թվով հայկական համայնքներ, որոնք ձևավորվել են Հայոց ցեղասպանությունից հետո, ինչպես նաև մշակութային վիթխարի ժառանգություն: Այս բոլոր գործոններով պայմանավորված՝ Մերձավոր Արևելքի ցանկացած փոփոխություն խիստ հետաքրքիր է մեզ համար: Կարծում եմ, այս առումով ուշագրավ է Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությունը՝ պարբերաբար կազմակերպել այս կարգի միջոցառումներ, որոնք շատ օգտակար են երկրում Մերձավոր Արևելքի գործընթացները ավելի լավ ընկալելու, ինչպես նաև մեր արտաքին քաղաքականության հայեցակարգը ճշգրտելու համար»,- նշեց Սուվարյանը:

Lragir.am,
18-11-2019 17:24