Հրավիրված էր շատ կարևոր զինվորական. Անդրանիկ Քոչարյան

18-11-2019 17:56

«Այսօրվա քննարկումը հնարավորություն տվեց ավելի լավ պատկերացնելու այն ժամանակվա մեր կարևոր ծառայություններից մեկի թիրախային ուսումնասիրության հատվածը: Հրավիրված էր շատ կարևոր զինվորական, ով և այն ժամանակ է եղել կարևոր պաշտոնում, եւ հիմա՝ մեր զինված ուժերում»,- Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների՝ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստին հրավիրված էր ՊԲ ռազմական հետախուզության վարչության նախկին պետը: Լրագրողների հարցին, թե տեղեկություն կար, որ հետախուզությունն իմացել է հնարավոր հարձակման մասին, բայց գերագույն գլխավոր հրամանատարությունն այդ տեղեկությանը ուշադրություն չի դարձրել, այս կասկածները հաստատվեցի՞ն, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Մենք կասկածների հաստատման փուլեր չենք նախանշում, մենք կատարում ենք ուսումնասիրություններ, որոնք առնչվում են բոլոր ուղղություններին եւ ինչ վերաբերում է այդ օրերին մեր բանակի գործողություններին, դրանց պլանավորմանը, իրականացմանը, նաև կարևորագույն սոտրաբաժանումներին, որոնց մեջ հետախուզական ծառայությունն էլ է: Ինչ վերաբերում է, թե կասկածները փարատվեցին, թե ավելացան, մենք ընդամենը շարժվում ենք առաջ»: Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաև նախկինում տարածված այն տեղեկություններին, թե ապրիլյան պատերազմի օրերին զինվորները բավարար քանակի վառելիք, սպառազինություն ու սնունդ չեն ունեցել: «Այն, ինչ լսել ենք այս պահի դրությամբ, այդպիսի թերացումների ականատես չենք եղել: Դիրքերում վառելիքի, սպառազինության, նույնիսկ բժշկական սպասարկման առումով խնդիր չի եղել»,- ասաց նա: Մասնավորապես, վառելիքի պակասի հարցը նախկինում բարձրացրել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այդ տեղեկությունները չեն հաստատվել: Հարցին, թե պատրաստվո՞ւմ են Կարեն Կարապետյանին հրավիրել քննիչ հանձնաժողով, նա պատասխանեց․ «Հայաստանից դեռ շատ շատերը պետք է գան նախքան Կարեն Կարապետյանը, ավելի կարևոր մարդկանց դեռ պետք է լսենք»:

Lragir.am,
18-11-2019 17:56