ԿԳՄՍՆ-ն առաջարկում է փոխել դպրոցներում ուսուցիչների աշխատանքի ընդունելու կարգը

18-11-2019 20:27

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը ապատեղեկատվություն է համարում այն, թե բոլոր բուհերից հանվում է Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների դասավանդումը: Նախարարությունում դասախոսների հետ հանդիպմանը Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք ասել են՝ բուհերը լիարժեք հնարավորություն ունեն որոշելու, թե ինչ չափով և ինչ սկզբունքով են այդ առարկաները դասավանդվելու: «Ես գիտեմ, որ ձեր մտավախությունը մեկն է՝ ոչ հայագիտական ամբիոններից մյուս գործընկերները չեն պաշտպանելու ձեր թեզը: Այս փոփոխությունները, երբ մենք առաջարկում ենք նշված առարկաների դասավանդման հարցը, հավի էինք առնում վերջին տասնամյակում եկած առաջարկությունները, բողոքները, պահանջները: Մենք մեզնից չենք հնարում դա, կամայական որոշումներ չենք ցանկանում ընդունել մի համակարգում, որը շատ բարդ է»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ ասաց Արայիկ Հարությունյանը: Խոսելով դպրոցներում սպասվող բարեփոխումներից՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ փոխելու են դպրոցներում ուսուցիչների աշխատանքի ընդունելու կարգը Մաթեմատիկա, Պատմություն, Հայոց լեզու առարկաների ուսուցիչներն աշխատանքի անցնելուց առաջ պարտադիր պետք է քննություն հանձնեն նախարարության կողմից նշված մարմնում: «Մենք կունենանք այս հարցում դասախոսների օժանդակության կարիքը: Ինչ-որ չափով կկարգավորվի այն հարցը, որ այս առարկաները դպրոցներում լավ չեն դասավանդվում: Ներկայում մշակում ենք համակարգ, ըստ որի, ավագ դպրոցի աշակերտը կրկնուսույցի կարիք չի ունենալու: Բուհ ընդունվելու համար իր անհրաժեշտ առարկաներն աշակերտը 6 կիսամյակ քննություն է հանձնելու, և այլևս ընդունելության քննությունները վերանալու են»,- ասաց Արայիկ Հարությունյանն՝ ընդգծելով, որ բարեփոխումների շրջանակում պատրաստ են ընդունել առաջարկներ:

Lragir.am,
18-11-2019 20:27