Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը

19-11-2019 15:55

Կատարի Պետության էմիրի դիվանում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի առանձնազրույցը: Բարի գալուստ մաղթելով Հայաստանի Հանրապետության նախագահին և ընդգծելով իրենց երկար տարիների անձնական գերազանց փոխհարաբերությունները՝ էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին շնորհավորել է Կատարում Հայաստանի դեսպանության բացման առթիվ` նշելով, որ մեր երկրները հրաշալի հարաբերություններ ունեն: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել էմիրին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկմանը, ինչպես նաև Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմանը ցուցաբերած գործուն աջակցության համար: Նախագահը վստահություն է հայտնել, որ մուտքի արտոնագրերի պահանջի չեղարկումը դրական կազդի տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման վրա: Հայաստանի նախագահն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման կարևորությունը: Որպես համագործակցության հնարավոր ուղղություններ՝ նրանք նշել են առողջապահության, կրթության, գիտահետազոտական ոլորտները, ինչպես նաև Դոհայում ուսանելու հնարավորությունը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ շատ տպավորված է Կատարի հիմնադրամի գործունեությամբ: «Սա նաև միջազգային կենտրոն է և շատ ընդհանրություններ ունի զարգացման մեր տեսլականի հետ,- նշել է նախագահ Սարգսյանը,- ուստի որոշել ենք ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ հստակեցնելու համագործակցության ուղղությունները»: Նախագահն ընդգծել է գիտական, կրթական, տեխնոլոգիական ոլորտներում գործակցության մեծ ներուժի առկայությունը՝ այս համատեքստում նշելով փոխգործակցության հնարավորությունը Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում:

Lragir.am,
19-11-2019 15:55