ՀՀ ներկայացուցիչները մրցանակային տեղեր են զբաղեցրել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» մրցույթում

19-11-2019 20:26

ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակում անցկացվող «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթում Հայաստանի Հանրապետության 2 ներկայացուցիչների աշխատանքները 20 հազար տեսահոլովակների և պաստառների շարքում արժանացել են երկրորդ մրցանակի «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժննից: «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում մրցանակի է արժանացել  Հայ-ռուսական համալսարանի ուսանողներ Աննա Սարուխանյանի և Լուիզա Մելքոնյանի համատեղ ներկայացրած «Որտեղ խոսում է փողը, այնտեղ լռում է խիղճը» աշխատանքը, որը երկրորդ տեղը կիսել է Հարավաֆրիկյան Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչների հեղինակած հոլովակների հետ: Այս անվանակարգում լավագույնն  է ճանաչվել Բելառուսի ներկայացուցչի աշխատանքը: Իսկ «Լավագույն պաստառ» անվանակարգում երկրորդ պատվավոր տեղն զբաղեցրել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհի Ոսկեհատ Թադևոսյանի «Վերջ կոռուպցիային» աշխատանքը, որն ընդամենը մեկ միավորով է զիջել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի հեղինակած պաստառին: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Մոսկվայում, դեկտեմբերի սկզբին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ: Հատկանշական է այն հանգամանքը, որ Հայաստանից ներկայացված աշխատանքները նման արդյունքներ են ապահովել միջազգային սույն մրցույթին մասնակցած 10 երկրներից ներկայացված ընդհանուր առմամբ ավելի քան 20 000 տեսահոլովակների և պաստառների պայմաններում: Ինչպես արդեն տեղեկացվել է 2019թ. «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթում ներգրավված են եղել ոչ միայն ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, այլ նաև BRICS-ի անդամ երկրները՝ Հնդկաստանը, ՉԺՀ-ն, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Բրազիլիան: ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է գալիս որպես նշված մրցույթի համակազմակերպիչ: Մրցույթի շրջանակներում 14-ից մինչև 35 տարեկան քաղաքացիները, երիտասարդական ստեղծագործական խմբերը պետք է պատրաստեին և ներկայացնեին սոցիալական գովազդի պաստառներ և տեսահոլովակներ՝ դրանցում յուրօրինակ, ինքնատիպ, դիպուկ և տպավորիչ կերպով արտացոլելով իրենց պատկերացումները կոռուպցիայի՝ իբրև անհանդուրժելի սոցիալական, հասարակական երևույթի և դրա դեմ պայքարի, ամենատարբեր ոլորտներում դրա դրսևորումների, բացասական հետևանքների, ինչպես նաև այս ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ:

Lragir.am,
19-11-2019 20:26